Twitter-ը վերագործարկում է Blue ստուգանիշը, օգտատերերը շուտով կկարողանան նաև երկար գրառումներ անել
Twitter-ն այսօր վերագործարկում է Blue ստուգանիշը, որի գործարկումը հետաձգվել էր անցած ամիս, երբ օգտատերերը պարզապես վճարել էին բաժանորդագրությունը և այլ անձանց անվան տակ փաստացի կեղծ օգտահաշիվներ բացել։ Twitter-ի օգտատերերը շուտով նաև կկարողանան մինչև 4000 նիշ պարունակող գրառումներ անել, ներկայիսի՝ 280 սիմվոլի փոխարեն։
Twitter Blue ստուգանիշի ամսական բաժանորդագրությունը ներկայում 8 դոլար արժե, սակայն այն կարժենա 11 դոլար այն օգտատերերի համար, որոնք Twitter-ի հավելվածն օգտագործում են Apple-ի սարքերից։
Twitter Blue-ն նաև լրացուցիչ հնարավորություն կունենա՝ խմբագրման կոճակը, որը Twitter-ի օգտատերերը պահանջում են արդեն երկար ժամանակ, թեև շատերը պնդում են, որ այն մեծացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունը, եթե թվիթերյան գրառումը փոփոխվի լայնորեն տարածվելուց հետո:
Blue-ի բաժանորդներին Twitter-ը նաև ավելի քիչ գովազդ կցուցադրի։ Բացի դրանից նրանք կկարողանան տեղադրել և դիտել ավելի երկար, ավելի որակյալ տեսանյութեր, ասվում է հարթակում:
Նախկինում կապույտ ստուգանիշը տրվում էր հայտնիներին, քաղաքական գործիչներին, ինչը հավաստում էր, որ նրանց օգտահաշիվները կեղծ չեն։ Ընդորում՝ ստուգանիշը տրամադրվում էր անվճար։ Սակայն ստուգանիշն ի վերջո կփոխարինվի կա՛մ ոսկե (բիզնեսի համար) կամ մոխրագույն (մյուսների համար, օրինակ՝ պաշտոնյաների) ստուգանիշներով։
Նոր կանոնների համաձայն՝ եթե օգտատերը փոխի իր անունը, ապա կկորցնի իր ստուգանիշը մինչև Twitter չվերստուգի օգտահաշիվը։
4000 նիշ 280-ի փոխարեն
Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը գրեթե ավարտել է թվիթերյան գրառումների ներկայիս 280 նիշերի սահմանափակումը վերացնելու աշխատանքները։ Twitter-ի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է, թե արդյոք սոցիալական ցանցը պատրաստվում է սահմանաչափը հասցնել 4000 նիշի: «Այո»,- գրել է Մասկը՝ առանց որևէ մանրամասնության։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սոցցանցը շուտով կբարձրացնի նիշերի սահմանաչափը մինչև 4000 նիշ, սակայն մյուս օգտատերերի համար կերևան գրառման միայն առաջին 280 նիշերը, քանի դեռ նրանք չեն բացել գրառումը։
Նոյեմբերի սկզբին Մասկը հայտարարել էր, որ պատրաստվում են Twitter-ի օգտատերերին թույլ տալ երկար տեքստեր կցել գրառումներին, հեղինակների համար ներդնել դրամայնացման հնարավորություն և բարելավել որոնումը սոցցանցում։ Մասկը բացատրել էր, որ Twitter-ը շուտով կավելացնի գրառումներին երկար տեքստեր կցելու հնարավորությունը՝ վերջ դնելով նոթատետրից սքրինշոթեր անելու անհեթեթ պրակտիկային։ Ներկայումս Twitter-ը տեքստային գրառման համար ունի 280 նիշի սահմանափակում, մինչև 2017-ը գործում էր 140 նիշի սահմանափակումը։