«Կողք կողքի» փառատոնի բացումը, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների աշխատանքներն ու ելույթները հայտնիների հետ

0

Հաշմանդամությունը խոչընդոտ չի կարող լինել երազանքների իրականացման համար․ հենց այս գաղափարի ներքո արդեն երրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի նպատակն է ցուցադրել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների տաղանդն ու լսելի դարձնել նրանց ձայները։

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ փառատոնի պաշտոնական բացումը։ Թատրոնի ճեմասրահում բացվեց հատուկ ցուցահանդես, որը ներկայացնում էր Երեւանի ու մարզերի տարբեր վերականգնողական կենտրոնների սաների աշխատանքները։ Արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով, որի շրջանակում երեխաների կողքին ելույթ ունեցան նաեւ ճանաչված երաժիշտները՝ «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ ու կիթառահար Վանը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը, Hope for Coffe խումբը եւ այլք։ Երեկոն վարում էր Եգոր Գլումովը։ 

Փառատոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 10-ը՝ ներառյալ։ Այդ օրը Գաֆեսճեան քանդակների պարտեզում կկայանա գալահամերգ, որի ընթացքում վերականգնողական տարբեր կենտրոնների սաները ելույթ կունենան հայկական շոու-բիզնեսից հայտնի երգիչների ու երաժիշտների հետ։ Փառատոնային օրերի ընթացքում նախատեսված են նաեւ սեմինարներ ու վարպետաց դասեր՝ Հորդանանից, Գերմանիայից ու Ռուսաստանից ժամանած մասնագետների ղեկավարությամբ։

«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այս փառատոնը տարբերվում է իր մոտեցմամբ․ 

«Շատ հաճախ մենք իրականացնում ենք համերգներ, միջոցառումներ, հրավիրում մի շարք խմբերի, եւ երեխաները, պարզապես, պասիվ կերպով մասնակիցն են դառնում այդ ամենի, իսկ այստեղ հանրապետության լավագույն ստեղծագործողները, երգիչները հավասար պայմաններում հանդես են գալիս հաշմանդամություն ու զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների կողքին։ Սա, ըստ էության, ամենաներառական նախագծերից մեկն է, ու ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, որովհետեւ ընթացքը ճիշտ է, նպատակները ճշմարիտ են, եւ սա միայն մեկ ակցիա չէ, մի երեկոյի կամ համերգի խնդիր չէ, այլ տեւական աշխատանքի արդյունք»,-իր խոսքում նշեց նա։

Փառատոնի բացման արարողությունը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում։

Leave A Reply

Your email address will not be published.