Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից երեկ` մարտի 10-ին, Սամվել Թոփալյանն ու Հրանտ Թոխատյանը շարունակեցին իրենց «առաքելությունը». հերթական անգամ «Առաքելը», իր հերոսների խորը եւ էմոցիոնալ երկխոսության շնորհիվ, հանդիսատեսի մոտ առաջացրեց մի շարք մտորումներ, անմիջական ծիծաղից մինչեւ ամենացավոտ հույզեր, եւ չնայած ներկայացումն արդեն 6-րդ անգամ էր բեմում, լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսի արձագանքը վկայում էին այնտեղ շոշափվող թեմաների արդիականության ու դրանց բարձրաձայնման անհրաժեշտության մասին:
NEWS.am STYLE-ը եւս եղել է հանդիսատեսի շարքում. ներկայացնում ենք մեր տպավորությունները:
Պիեսը, որի գլխավոր հերոսները երկու միմյանցից տարբեր, բայցեւ փոխկապակցված բեւեռներ են, բարձրաձայնում է հայերի համար կարեւոր մի շարք հարցեր, տալիս մեր առավելությունների ու թերությունների մասին օբյեկտիվ գնահատականներ, անդրադառնում երկրի կարեւորագույն խնդիրներին ու ոգեկոչում` չհանձնվել:
Պիեսի հեղինակը Գեւորգ Ալթունյանն է, որն այն գրել է Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո, բեմադրող ռեժիսորն Արթուր Սահակյանն է, հերոսներին մարմնավորում են Սամվել Թոփալյանն ու Հրանտ Թոխատյանը:
Հերոսներից մեկը` ավագ լեյտենանտ Տիգրան Մխիթարյանն է` միջին տարիքի տղամարդ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, որը, սակայն այսօր ապրում է դատարկ ու դժգույն առօրյայով: Պատերազմի ընթացքում բացառիկ արիություն ու խիզախություն ցուցաբերած հրամանատարին համակել է անզորությունը, բայց, բարեբախտաբար, կյանքի որոշիչ քայլի պահին, երբ թվում էր այլեւս լույսի ոչ մի նշույլ չկա, նրա կյանքում հայտնվում է նա` Առաքելը, որն իր հույսով ու լավատեսությամբ սկզբում միայն վանում է Տիգրանին, առավելեւս, երբ վերջինը պարզում է, որ կան հարցեր, որոնց պատասխանները չունի, նույնիսկ, ինքը` Առաքելը…
Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսը մասնակիցն է դառնում երկու հերոսների «բանավեճի»` մեկի վատատեսությանն ու դրա փաստարկներին, մյուսի հակադարձմանն ու գոտեպնդմանը, կիսում Սամվել Թոփալյանի` բեմից այն կողմ փոխանցած էմոցիաներն ու աշխուժանում Հրանտ Թոխատյանի անմիջականությունից, հետո նորից մի քանի անգամ ժպտում ու հուզվում` արդյունքում պարզելով` «մենք՝ բոլորս, Առաքել ենք»:
Ներկայացումն առանձնահատուկ է ոչ միայն դերասանական կլանող խաղով, այլեւ` լուսային ու ձայնային ժամանակակից լուծումներով ու կարեւոր հաղորդագրություններով, որոնցից ամենաընդգծվածը, թերեւս, ապրելու, պայքարելու, չհանձնվելու կոչն է. «Ապրել, որ նրանք, ում համար տղերքն իրենց կյանքն են տվել, իրենց նման կռվեն ու էդ սահմանին կանգնեն», հավատալ ոչ միայն լավ, այլեւ` վատ պահերին, գնահատել, որովհետեւ «Երբ չես գնահատում, միշտ կգտնվի մեկը, ով կգնահատի ու կտանի», լինել միասնական, գտնել ապրելու, մնալու, պայքարելու տարբերակներ, չէ՞ որ «հանձնվելը միշտ էլ ավելի հեշտ է…»:
Ներկայացումը թատրոնի բեմ կբարձրանա նաեւ մարտի 23-ին: