«Սկսել եմ բոլորովին այլ կերպ ապրել». Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի շնորհանդեսը, կալանքի ու կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման զուգահեռները
Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն, ջերմ, լուսավոր սեր` ահա, թե ինչ հույզեր են սպասվում Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի ընթերցողին: Հեղինակն իր ստեղծագործության մասին երեկ՝ նոյեմբերի 11-ին, կիսվեց «Զանգակ» գրատանը տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: Նրա գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներ կան, որոնցում ներկայացվում են իր կալանավորման, բանտարկության, դատավարության, նաեւ հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։
Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ մտադրություն չի ունեցել գիրք հրատարակել: Այս հարցում նա վստահել է «Զանգակ» հրատարակչությանը, որի գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նշում է՝ Վարդան Պետրոսյանի՝ հետաքրքիր ու ինքնատիպ մոտեցումն է դարձել գիրքը հրատարակելու մեծ ցանկության պատճառ.
«Այս երկու պատումները եւ դրանցում ներկայացված ապրումները շատ հետաքրքիր են՝ թեթեւ, առանց ընթերցողի վրա հույզեր բարդելու, բայց փոխարենը հեղինակը փոխանցում է դասեր, մտքեր, թե ինչ կարելի է քաղել դրանցից: Շատ հետաքրքիր ընթերցվող գիրք է՝ համեմված թախծոտ ու հումորային պատմություններով»,-մանրամասնեց նա:
Գրքում ընթերցողը կտեսնի նաեւ հենց Վարդան Պետրոսյանի հեղինակած նկարները: Դերասանի խոսքով՝ դրանք նպատակ ունեն լրացնելու ներկայացված պատմությունը: Անդրադառնալով կալանքի ու կորոնավիրուսի համաճարակի միջեւ տարված զուգահեռներին՝ հեղինակը նշեց.
«Այս երկու նյութերը ես համադրում եմ՝ հարցադրում անելով. եթե իմ կալանքն ինձ համար շրջադարձային եղավ ու հիմք դրեց մի նոր սկզբի (ես, ասես, վերսկսեցի իմ կյանքը), արդյոք նույն բանը կկատարվի՞ մարդկանց հետ կորոնավիրուսի շնորհիվ»:
Մինչ հրատարակվելը գիրքն ունեցել է ինտերնետայի տարբերակ եւ մի շարք ընթերցողներ, որոնցից մեկի հույզերը, հատկապես, ոգեւորել են Վարդան Պետրոսյանին.
«Երբ ես նոր էի գրում առաջին, երկրորդ գլուխները, ինձ տարբեր նամակներ էին գալիս: Մի կին Հոլանդիայից գրեց, թե ինչքան մեծ մխիթարանք է գիրքն իր ցավերի համար… Նա գրել էր, որ ինքը դրանից ինչ-որ բան էր ստացել՝ երկար տարիեր չերգելուց հետո նա հիմա կրկրն երգում է: Ես չգիտեմ, թե նա ինչպես մխիթարվեց այս գրքի շնորհիվ, քանի որ դրա մեխանիզմները տարբեր են… Մեկը կարող է կարդալ ու անտարբեր լինել, մյուսի համար ինչ-որ մի տող, միգուցե, շրջադարձային լինի…»:
«Սկիզբ» գրքի հերոսները Վարդան Պետրոսյանի կալանավոր ընկերներն են, որոնց հեղինակն անվանում է «կալանքի եղբայրեր».
«Դուք նրանց չեք գտնի, չեք ճանաչի: Երբ ասում եմ կալանքի եղբայր, միգուցե, պատկերացնում եք վայրենի մարդկանց՝ զինված, սեւ հագած, բայց այդպես չէ: Ես իրենց կյանքը, իրենց պատմությունն եմ առաջ բերում՝ այդպիսով դառնալով նաեւ իրենց համար մխիթարություն, ինչ-որ տեղ՝ իրենց խոսնակը, իրենց խնդիրները դուրս հանողը: Ես նկատի չունեմ միայն իմ կալանքի եղբայրներին, նաեւ այն մարդկանց, որոնք երկար տարիներ դաժանորեն ապրում են այս ծանր ու դժվար պայմաններում, որը կոչվում է կալանք: Շատ հաճախ նրանք անարդարացիորեն են կալանավորված: Ինձ համար նաեւ այն է մխիթարանք, որ ինչ-որ մեկն այդ մասին խոսեց: Այստեղ անդրադարձ կա նաեւ համակարգային խնդրին: Այնուամենայնիվ, սա վավերագրական նյութ է, բայց ես միայն վավերագրությամբ չեմ բավարարվել, միշտ դրա կողքին իմ ներկայությունը, իմ մեկնաբանությունը դրել եմ՝ հաճախ ընթերցողին մտածելու տեղիք տալով: Սա նաեւ առիթ էր, որ ես իմ հոգեվիճակի մասին խոսեի»:
Թե ինչպիսի Վարդան Պետրոսյանի կտեսնեք գրքում, դերասանի խոսքով՝ դա հենց ընթերցողից է կախված, սակայն կարծում է՝ ինքն այնտեղ անճանաչելի չէ, թեեւ իր մեջ էլ նոր բացահայտումներ արել է:
Վարդան Պետրոսյանը տպավորիչ է նկարագրում նաեւ կալանքից դուրս գալու օրերը՝ դրանք որակելով ինչպես ուրախ, այնպես էլ՝ թախծոտ պահեր.
«Ես ուրախ էի, բայց, իսկապես, դատարկ էի այդ պահին: Գիտե՞ք՝ ինչ է նշանակում դատարկ գլուխ, դատարկ էություն… Դատարկ քայլում էի՝ հիմար մի ժպիտ դեմքիս: Հասկանում էի, որ ես հիմա դուրս եմ գալիս այս լաբիրինթոսից, որտեղ անգամ առնետներն էին ինչ-որ առումով հարազատ դարձել…»:
Ինչ վերաբերում է գրքի վերնագրին՝ այն Վարդան Պետրոսյանի համար էլ նոր կյանքի սկզբի խորհրդանիշն է.
«Ես սկսել եմ նոր կերպով, հիմա բոլորովին այլ կերպ եմ ապրում: Թե որքանով է հաջողվում, դժվարանում եմ ասել: Հեշտ չէ ապրել այնպես, ինչպես դու ես ուզում, բայց ձգտել անել դա՝ արդեն մեծ բան է. անընդհատ սայթաքում եմ, բայց, միեւնույն է, ջանում եմ»,-ասաց նա:
Սյունե Առաքելյան