«Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցն այուհետ հասանելի է նաև ռուսերենով

0

Երևանի քաղաքապետարանը հրատարակել է «Երևանը` քո գրպանում» ուղեցույցի ռուսերեն տարբերակը: Այն կազմվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին, հակիրճ ներկայացնելով զբոաշրջային գրքույկը, նշվել է, որ այն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, հյուրանոցների, ժամանցի վայրերի, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների, և այլ տեսարժան վայրերի մասին հարուստ տեղեկատվություն է տալիս:

Ուղեգրքում ներկայացված են նաև քարտեզներ, հեռախոսահամարներ, կայքեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով:

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունից Երևան զբոսաշրջիկների նկատելի աճն ու հետաքրքրությունը՝ քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նախաձեռնել է ռուսերենով ուղեցույցի հրատարակումը: Կարծում ենք, որ այն կդառնա անփոխարինելի օգնական ռուսախոս զբոսաշրջիկների համար»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

«Խորհրդային միության անդամ բոլոր երկրներում շփման ընդհանուր լեզուն ռուսերենն էր: Հետևաբար, այս ուղեցույցը կարևոր է ոչ միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների, այլև ավելի մեծ շրջանակների համար»,-իր հերթին նկատել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետրանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է, որ ուղեցույցները բաժանվում են զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցներին: Դրանք հնարավոր է գտնել ու ձեռք բերել նաև մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում:

Leave A Reply

Your email address will not be published.