«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, միջոցառման հայտնի հյուրերն ու դերասանների հույզերը (վիդեո)
Նույն Լալան, Աշոտը եւ Հրանտը, բայց` այլ ժամանակշրջան ու իրականություն. 25 տարի անց «Մեր բակը» վերադարձել է նոր պատմությամբ, նոր հերոսներով, նոր թեմաներով ու արտահայտություններով, որոնք, միգուցե, հիշվեն տարիներ անց, ինչպես տեղի ունեցավ սիրված ժապավենի նախորդ երեք մասերի դեպքում:
«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան կայացավ այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ռեժիսոր Արշո Հարությունյանի աշխատանքում հին բակի նոր սյուժեն ծավալվում է հայտնի հերոսների հերթական գաղափարի շուրջ, որն իրականացնելը, կարծես, թանկ է նստում նրանց վրա: Թե ինչ մտահաղացում ունեն Լալան, Հրանտն ու Աշոտը, ինչ է պետք նրանց դա իրագործելու համար, եւ ինչ կապ ունեն պատմության հետ Արուսը, Պոնչն ու հայերեն խոսող չինացի Ֆընգը, կիմանաք ֆիլմը դիտելիս, իսկ մինչ այդ բացահայտենք պրեմիերայի հետաքրքիր դրվագները:
Պրեմիերային հուզված էին բոլորը՝ ավագ հերոսները՝ միավորման ու սիրված նախագծի շարունակության, նոր դերասանները՝ հայտնի ու սիրված գործընկերների կողքին իրենց մանկության ֆիլմում լինելու առթիվ: Իր հույզերը չկարողացավ թաքցնել նաեւ Արշո Հարությունյանը:
«Շատ ուրախ եմ, որ ես էլ դարձա «Մեր բակի» ընտանիքի անդամ: Սկզբում կարծում էի՝ ամենահուզիչ ու պատասխանատուն այն պահն էր, երբ ես առաջարկություն ստացա ֆիլմը նկարահանելու: Հետո ինձ թվաց, որ ամենահուզիչ ու պատասանատու պահն այն էր, երբ ես նկարահանումների մեջ էի, իսկ այժմ հասկանում եմ, որ ամենապատասխանատու պահը հիմա է, երբ հազարավոր մարդիկ բոլոր կինոթատրոններում այսօրվանից արդեն նայելու են մեր նոր աշխատանքը: Իսկապես, շատ հուզված եմ».-խոստովանեց ռեժիսորը,- «Հավատացեք՝ մենք մեր բոլոր հույզերը, ամբողջ գիտակցությունը, էներգիան ներդրել ենք ֆլմում, որպեսզի դուք ապրեք նոստալգիկ հույզեր, տեսնեք ու վայելեք տաղանդավոր դերասանների խաղը»,-հավելեց նա:
«Մեր բակը» ֆիլմաշարի առանցքային հատվածներից է երաժշտական ձեւավորումը: Այս ֆիլմում եւս հնարավորություն կունենաք ունկնդրելու հայտնի ու խորհրդանշական երգերից մեկը՝ նոր մշակմամբ ու կատարմամբ: Այստեղ բացի հիմնական հերոսներից՝ կտեսնեք նաեւ մի շարք հայտնի հեռուստադեմքերի:
«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի սցենարիստներն են Աշոտ Աբրահամյանը, Սարգիս Մնոյանը եւ Ռուբեն Ջաղինյանը: Դերերում հանդես են գալիս Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Աշոտ Ղազարյանը, Արուս Տիգրանյանը, Տարոն Իսպիրյանը, Ֆընգ Յանգմենգը, Արտաշես Ալեքսանյանը, Լիլի Մորտոն, Զիրոյանը, Հակոբ Փոքրավորյանը եւ այլք: Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է, պրոդյուսերներից են նաեւ Արման Միտոյանն ու Տիգրան Վիրաբյանը: Ֆիլմը ներկայացնում են «Առաջին ալիքն» ու «Շարմ» հոլդինգը:
NEWS.am STYLE-ի ռեպորտաժում կտեսնեք միջոցառման կարմիր գորգն ու հայտնի հյուրերին, ինչպես նաեւ՝ ռեժիսորի ու դերասանների հույզերն ու խոստովանությունները:
Սյունե Առաքելյան
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի