Փաշինյանի համար Սյունիքը միայն նախընտրական լեզվաշարժությունների տարածք է
Երեկ, երբ իմացա, որ Իրանը Ագրբեջանի օդուժի համար փակել է իր երկրի օդային սահմանը, անմիջապես մտածեցի, որ Նիկոլ Փաշինյանը դա այդպես չի թողնի՝ բա էլ ի՞նչ քիրվա, որ նեղ օրին չհասնի օգնության: Այսօր դա արդեն իրականություն է՝ Բաքու-Նախիջևան-Բաքու քաղաքացիական չվերթը իրականացվում է Հայաստանի օդային տարածքով: Համենայն դեպս ադրբեջանական լրատվամիջոցների այդ տեղեկատվությունը չի հերքվում հայկական կողմից: Իհարկե, քաղաքացիական թվերթը ռազմականի հետ շփոթել պետք չէ, բայց չմոռանանք, որ Գորիս-Կապան ճանապարհին հայ զինվորականներին չեն ժամերով սպասեցնում ու ահաբեկում ադրբեջանական հենակետայինները
Խլուրդին էլ պարզ է, որ Իրանն իրեն նեղություն է տալիս, բացահայտ առճակատման է գնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի չզրկվի Սյունիքով, այսինքն Հայաստանով արտաքին աշխարհին կապող կարևորագույն լոգիստիկ միջանցքից: Մյուս կողմից Իրանը մնացել է Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ ռազմավարական նշանակության կապուղին: Վրաստանը հաշվի մեջ չէ, որովհետև դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում նա իր զամաքային և օդային տարածքը փակեց մեր ռազմավարական բեռների համար: Այսօր էլ վարդի բույր չի տարածում մեր շուրջը, որովհետև բոլոր դիվանագիտռական լծակներով նպաստում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի քիրվայացմանը, երեկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ սկսեց և ռազմական փոխգործակցության համաձայնագիր ստորագրեց նրանց հետ: Այսինքն այս պահին Իրանն ինչ որ անում է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, բառացիորեն համընկնում է Հայաստանի ռազմավարական շահերին և դեռ մի բան էլ դիվանագիտական դեմարշների և նախաձեռնությունների հնարավորություն է տալիս մեզ:
Բայց մենք դիվանագիտական ապուշությունների «աշխարհի չեմպիոն» ենք և նիկոլական համառությամբ կտրում ենք այն բարակ ճյուղը, որ մեզ պահում է գահավիժելուց և պետականության վերջնական կորստից: Ամեն օր շունչներս պահած, լսում ենք նիկոլական չինովնիկիների ելույթներն ու հարցազրույցները, որ հասկանանք, թե Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամանակ է՛լ ինչ զիջումներ է անելու իրենց շեֆը, բայց արի ու տես, որ սա առանց ավելնորդ ձևականությունների արդեն «բախշիշներ» է անում Ալիևին: Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանի առաջ բացելով՝ Փաշինյանը բացահայտ միջանցք է տրամադրում մեր ոխերիմ թշնամուն, ով դեռ մեկ օր առաջ Մատաղիսից սպառնում էր կրկին մեր գլուխը ջարդել: Փաշինյանն էլ մեկ օր առաջ հայտարարում էր, որ հակաիրանական ոչ մի գործընթացի չի մասնակցի, բայց այսօր թիկունքից հարվածում է Իրանին: Այս ինքնուս ավանտյուրիստը կարծում է, թե ինքը տարածաշրջանային խաղացող է դարձել և կարող է Իրանի հաշվին Ադրբեջանին և Թուրքիային լավությո՞ւն անել: Ո՞վ է Փաշինյանին հավատացրել, որ Սյունիքը միայն իր նախընտրական լեզվաշարժությունների տարածքն է: Մի՞թե Իրան այցից հետո Փաշինյանի «արտգործօրթախը» չհասկացավ ու չբացատրեց, որ Իրանի հետ խաղեր տալը ժավելով չի լվացվում:
Վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի կառավարությունն ի սպառ վատնել է Հայաստանի սուբեկտայնության պաշարը, զրկել դաշնակիցներից ու բարեկամներից: Այն ինչ հիմա մեր երբեմնի բարեկամ հարևանները կատարում են մեր սահմանների մոտ, բացառապես բխում է իրենց ազգային ու պետական շահերից, իսկ Փաշինյանին երևի թվում է, թե իրեն պարտք են:
Եզրակացությունը միակն է՝ Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատն ուղղակի սպասարկում են մեր ազգի ոխերիմ թշնամիների քաղաքական օրակարգը, դրանով հարցականի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը և մեզ փաստացի կանգնեցնում են նոր ցեղասպանության վտանգի առաջ: