Բուսկետս․ Իտալիան արժանիորեն դարձավ Եվրո-2020-ի չեմպիոն, մեծ պատիվ է նրանց հետ մրցելը

0

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչից առաջ Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը արժանին է մատուցել Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին, որի հետ իսպանացիները կմրցեն հոկտեմբերի 6-ին։

«Մենք հպարտ ենք, որ հասել ենք Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ։ Ոչ ոք չի ցանկանում պայքարն ավարտել կիսաեզրափակիչում։ Մենք այստեղ ենք, որպեսզի ուրախանանք, զգանք այս մրցաշարի համը եւ դուրս գանք կիրակնօրյա եզրափակիչ։

Ֆուտբոլի աշխարհը շատ բարդ է։ Լավ խաղացողների առկայությունը դեռ ոչինչ չի երաշխավորում, բայց Իտալիայում կան ե՛ւ հրաշալի խաղացողներ, ե՛ւ հրաշալի մարզիչներ։ Նրանք արժանիորեն դարձան Եվրո-2020-ի չեմպիոն այս ամռանը եւ կշարունակեն նույն ոգով։ Մեծ պատիվ է Իտալիայի հավաքականի հետ մրցելը»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իտալիա — Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հոկտեմբերի 7-ին Թուրինում կվիճարկեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականները։

Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում։ Հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներով Իտալիան հաղթել էր 4։2 հաշվով։

Leave A Reply

Your email address will not be published.