Երեւանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

0

Երեկ` սեպտեմբերի 29-ին, «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով, մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ փառատոնի բացման երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարկ Բուշկովը։ Ծրագրում հնչեցին Սերգեյ Պրոկոֆեւ՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆեւի Ջութակի թիվ 1 կոնցերտը եւ Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։

Մարկ Բուշկովն արդեն երրորդ անգամ է ելույթ ունենում Հայաստանում. նրա խոսքով` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելը միշտ ոգեւորիչ է. «Անչափ ուրախ եմ, որ կրկին նվագախմբի, հատկապես, իմ լավ ընկերոջ` տաղանդավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Նվագախմբի բոլոր երաժիշտներն էլ անչափ պրոֆեսիոնալ են իրենց գործում, ու տպավորիչ համագործակցություն ենք ունենում` թե համերգից առաջ, թե հետո, թե փորձերի ընթացքում»,-նկատեց Բուշկովը` խոստովանելով, որ, առհասարակ, հայկական դասական երաժշտության հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է տածում. «Սիրում եմ հայկական երաժշտությունը` Խաչատրյան, Բաբաջանյան: Նրանց երկուսի ստեղծագործություններից էլ նվագել եմ»,- հավելեց նա:

Անդրադառնալով դասական երաժշտության զարգացման գործում փառատոնի կարեւորությանը` երաժիշտը նշեց. «Կարծում եմ` այս փառատոնը դասական երաժշտության զարգացման մեջ մեծ դեր է խաղում: Հիշում եմ` երբ 4 տարի առաջ առաջին անգամ նվագեցի փառատոնի շրջանակում, մի շարք երիտասարդ դեմքերի բացահայտեցի: Շատերին գրավում է հենց այն փաստը, որ նվագախումբը եւս երիտասարդ է, եւ այն գործը, որը նրանք կատարում են, զիլ է: Հաճելի է, որ մեր երաժշտությունը գալիս են ունկնդրելու երիտասարդները, ուսանողները»:

Սերգեյ Սմբատյանն էլ իր հերթին նկատեց` այս տարվա փառատոնը, արտիստների ընդգրկվածությունից ելնելով, հիրավի միջազգային է: Նա չթաքցրեց, որ կազմակերպչական աշխատանքները դժվար են տրվել, սակայն արդյունքը խոստումնալից է: «Շատ ուրախ եմ, որ այս փառատոնը ստացվեց, որովհետեւ փառատոնային մշակույթի կարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ դրա ժամանակահատվածում կարող են իրականացվել բազում այլ ծրագրեր, եւ մեզ մոտ դա ստացվեց: Շատ դժվար տարի էր նախորդը, բայց այս տարի մենք սպասում ենք մեր հանդիսատեսին` հույս ունենալով, որ փառատոնը մեծ ոգեւորությամբ կընդունվի»,-նշեց նա`խոսելով նաեւ կորոնավիրուսի պատճառով ստեղծված դժվարությունների ու դրանց հաղթահարման մասին.

«Covid-ն աշխարհում չի ավարտվել, Հայաստանում` եւս, պարզապես պետք է ճիշտ հաղորդակցություն ստեղծել, որպեսզի Covid-ի առկայության պայմաններում էլ կարողանանք ապրել, աշխատել, եւ մենք չենք պատկերացնում, որ կարող ենք լինել ոչ ավելի ինտենսիվ, քան` առաջ: Իհարկե, հիմա փառատոն կազմակերպելը շատ ավելի դժվար է, բայց մենք փորձում ենք հաղթահարել այդ դժվարությունները: Համերգաշրջանը շատ առատ է. այն, ինչ տեղի չի ունեցել 2020-ին, փորձել ենք ամեն ինչ ծրագրել այս տարվա մեջ»: «Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով:

Երեւանում ամեն տարի անցկացվող այս փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է  հասանելի: Մեծանուն արտիստների կողքին «Արմենիա» միջազգային փառատոնը հնարավորություն է ընձեռում նաեւ շատ նորահայտ երիտասարդ երաժիշտների ելույթ ունենալու լայն հանդիսատեսի առջեւ, եւ իրենց տեղը գրավելու կատարողական արվեստի ասպարեզում: Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 29-ը:

Leave A Reply

Your email address will not be published.