Ձեզ թվում է՝ պիտի կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ ճանապարհով, չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք. Քերոբյան
Այո, մենք անհանգստացած ենք Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակով եւ համարում ենք, որ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առեւտրին եւ զբոսաշրջությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի վիճակի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ես գիտեմ, որ մեր ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ԱԳն-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը օր առաջ լուծելու ուղղությամբ: Բնական է, որ պատերազմից հետո մինչեւ նորմալ կյանքի անցնելը այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց պետք է սառնասիրտ ու հետեւողականորեն լուծել այս խնդիրները: Մենք փորձում ենք էսկալացիա թույլ չտալ, միժամանակ խնդիրներչը հերթով լուծելով գնալ առաջ: Խնդիրները ստեղծվում են, հետո լուծվում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ թշնամին մտել է մեր սուվերեն տարածք, ինչպես են պատկերացնում այդ հարցի լուծումը, նախարարն արձագանքեց. «Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք և այլն, ապա այդպես չէ, պետք է զբաղվել նաև այլ խնդիրներով»:
Նա հայտնեց, որ կառավարությունն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալով և միաժամանակ խնդիրներն հետևողաբար լուծելով գնալ առաջ:
«Տեսնում եք, որ խնդիրները գոյանում են, հետո էլ լուծվում են»,-հայտարարեց նախարարը, բայց չկարողացավ պատասխանել, թե ինչու չի լուծվում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին հեռացնելու հարցը: Նա համոզմունք հայտնեց, որ այդ հարցը եւս կլուծվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի արդյունքում:
«Դուք երեկ նորմա՞լ եք քնել, նորմա՞լ եք ապրել, 3 անգամ հաց չեք կերե՞լ: Երբ այդպես դրամատիզացնում եք իրավիճակը, մի հատ ձեզ նայեք, արդյոք նույն դրամատիզմով եք ապրել: Դրամատիզացնելը միայն վնաս է տալիս»,-ասաց նա: