Վահան Քերոբյան, դադարե՛ք հարմարեցնել փաստերը Ձեր թիմի քաղաքական շահին․ Վահե Դավթյան

0

Հանրայինի եթերում էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ապաշրջափակման սպասվող դրական էֆեկտի մասին՝ հղում անելով Ասիական զարգացման բանկի հետազոտությանը, համաձայն որի ապաշրջափակումը կարող է ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն 30%-ով: Նախարարն իրավացի է, սակայն միայն առաջին հայացքից: 2008 թ. Ասիական զարգացման բանկը Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարության հետ հետազոտություն անցկացրեց, որի արդյունքները ամփոփվեցին ՛՛Մինչև 2020 թ. Հայաստանի տրանսպորտային զարգացման ռազմավարություն՛՛ հաշվետվության մեջ: Իսկապես, ապաշրջափակման դրական արդյունքներից առանձնացվում էր ՀՆԱ աճը 30%-ով:Սակայն հաշվետվության մեջ ոչ մի խոսք չկա Մեղրիի միջանցքի, առավել ևս՝ Նախիջևանով Ռուսաստանի հետ կապ հաստատելու աբսուրդային նպատակադրման մասին: ՛՛Ֆուտբոլային դիվանագիտության՛՛ փուլում ապաշրջափակման հարցը դիտարկվում էր առավելապես Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման համատեքստում, որի ուղղությամբ հայկական երկաթուղու ռուսաստանյան կոնցեսիոներն արդեն որոշակի նախապատրաստական աշխատանքներ էր սկսել:Միաժամանակ, հաշվետվության մեջ խոսվում է Հայաստան-Նախիջևան-Իրան լոգիստիկայի մասին, ինչը նաև այսօր համապատասխանում է Հայաստանի՝ որպես Հյուսիս-Հարավ միջանցքի պոտենցիալ դերակատարի շահին: Դրա հետ մեկտեղ հարկ է առանձնացնել նաև Իջևան-Ղազախ երկաթուղին, որը կարող է նպատակահարմար լինել Ռուսաստանի հետ ցամաքային կապ հաստատելու տեսանկյունից:Այսօր, ինչպես տեսնում ենք, թե թուրք-ադրբեջանական, թե հայկական օրակարգում վերոնշյալ տրանսպորտային զարգացման սցենարներն իսպառ բացակայում են, իսկ դրա փոխարեն շարունակաբար սնուցվում է Արևելք-Արևմուտք միջանցքի ռազմավարությունը, որը ոչ միայն որևէ տնտեսական էֆեկտ չի ապահովելու Հայաստանի համար, այլ էապես սեղմելու է օղակը մեր շուրջ:Վահան Քերոբյան, դադարե՛ք հարմարեցնել փաստերը Ձեր թիմի քաղաքական շահին:

Leave A Reply

Your email address will not be published.