Հայաստանի ամենափոքր քաղաք Դաստակերտը՝ առանց ապագայի հույսի

0

Ինչպես հայտնի է, Հայաստանի ամենափոքր քաղաքը Դաստակերտն է, որը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի գեղատեսիլ լանջերին: Վիճակագրության համաձայն՝ այդտեղ մշտական բնակություն է հաստատել շուրջ 300 մարդ: Սակայն, իրականում, բնակիչների թիվը շատ ավելի փոքր է: Նշենք, որ դա բավականին տհաճ հարց է դաստակերտցիներին համար, որին ստույգ պատասխան տալուց շատերը փորձում են խուսափել:

Ժամանակին Դաստակերտը գրավել էր մեր ուշադրությունը փաստով, որ այդտեղ Հայաստանում ամենամատչելի բնակարաններն են: Սակայն այդ գինը հաճախ կրում է աբստրակտ բնույթ, չէ՞ որ գնորդներ չկան ու չեն կանխատեսվում: Ո՞ւմ է պետք հին բնակարան լքված, մոռացված փոքր քաղաքում: Դաստակերտի բնակֆոնդը 8 հինավուրց բազմաբնակարան շենքեր են (84 բնակարանով), ինչպես նաեւ շուրջ 40 «առանձնատներ»:

Շուրջ 90 տարի առաջ այդտեղ սկսվել է Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Սակայն, ավելի քան 20 տարի անց հանքավայրը փակվել է անշահավետության պատճառով: Այնուհետեւ ավարտվել է տեղի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը:

Դրանցից մնացել է հսկայական պոչամբար՝ 1 միլիոն տոննա կոնցենտրատի մնացորդներ: Դրանում կան թունավոր նյութեր, որոնք խառնվում են մոտակայքում Այրի գետի ջրերի հետ: Բնապահպաններն ահազանգում են շրջակա միջավայրի աղտոտման կապակցությամբ, եւ կոչ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել: Իսկ բնակիչները երազում են «չարաբաստիկ» հանքի եւ գործարանի բացման մասին: Մինչդեռ ոչ մեկի երազանքները չեն իրականանում:

Տեղի բնակչի խոսքով՝ ապագայի հույսեր չկան. «Երբ նայում ես երկրում ծանր իրավիճակին, ինչպիսի՞ հեռանկարներ կարող են լինել մեր քաղաքի համար: Մի քանի ընտանիք զբաղված է մեղվապահությամբ: Սակայն ամենուր միեւնույն խնդիրներն են: Ի՞նչ անասնապահության մասին կարելի է խոսել, երբ մեկ տուկ խոտի գինը հասել է ռեկորդային չափերի:

Միջքաղաքային հասարակական տրանսպորտ չկա եւ չի սպասվում: Ժամանակին համայնքին նվիրել են Գազել միկրոավտոբուս, որն իրականացնում է չվերթներ շաբաթական երեք անգամ դեպի մոտակա Սիսիան: Դաստակերտում խանութներն արդեն վաղուց չկան, մարդիկ ստիպված են գնումներ կատարելու համար գնալ Սիսիան: Ով փող ունի, նախապես է գնում մթերքն ու այլ ապրանքները՝ մեկ ամսվա համար: Ի դեպ, չորս տարի առաջ համայնքների խոշորացման ժամանակ, Դաստակերտը ներառվել է Սիսիանի խոշորացված համայնքում: Սակայն նկատելի դրական տեղաշարժեր չկան, նշել է քաղաքի բնակիչը: Կարող է Սիսիան այլ կե՞րպ են մտածում:

Հայաստանում և Արցախում եղել են դեպքեր, երբ արտերկրում հարստացած հայրենակիցները ֆինանսական օգնություն են ցուցաբերել իրենց փոքր համայնքին: Սակայն Դաստակերտն անտեսված է այդ առումով ևս: Չնայած այդպիսի «հարուստներ» կան. նրանք են արդեն նախկին երկու դաստակերտցիները: Սակայն նրանք, իմ զրուցակցի խոսքով, վաղուց արդեն «մոռացել են» իրենց հայրենի քաղաքի մասին…

Վերջին տարիներին միակն դրականն այն էր, որ «Մոլիբդեն Աշխարհ» ԲԲԸ-ն փոխանցել է գումար, որով վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքները: Սակայն դա միայն մասնակի հաջողություն է: Նրանց մեծամասնությունը, ովքել մեկնել են, չեն կարող վաճառել իրենց բնակարանները. գնորդներ չկան: Լքված բնակարանները չեն վերանորոգվում, ինչն ազդում է շենքերի ընդհանուր տեխնիկական վիճակի վրա:

Իհարկե, կարելի է ճակատագրի քմահաճույքին թողնել Դաստակերտը, ինչպես նաեւ բազմաթիվ սահմանամերձ բնակավայրերը: Սակայն, արդյունքում դա կարող է հանգեցնել բնակիչների զանգվածային արտահոսքին դեպի խոշոր քաղաքներ եւ հանրապետության մայրաքաղաք, ինչիպես նաեւ մերձավոր եւ հեռավոր արտերկրներ, դրանով անպաշտպան թողնելով սահմանամերձ տարածքները…

Սմբատ Գրիգորյան

Leave A Reply

Your email address will not be published.