Գագիկ Բեգլարյանը կմասնակցի եղբոր հուղարկավորությանը

0

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Զվարթնոց օդանավակայանից բերման է ենթարկվել  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով եկել էր եղբոր հուղարկավորության մասնակցելու։

Իրականության չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Բեգլարյանին ձեռբակալել են։ Գագիկ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ասաց, որ Բեգլարյանը մինչ Հայաստան գալը գրությամբ դիմել է վարույթն իրականացնող մարմնին և վերադառնալուն պես ինքնակամ  ներկայացել է։ Պաշտպան Անանյանը Vesti.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Բեգլարյանը  եկել է Հայաստան՝  եղբոր հուղարկավորության մասնակցելու և վարույթ իրականացնող մարմինը վերջինիս ընձեռել է այդ հնարավորությունը։

Ըստ նախկին պաշտոնյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանի Բեգլարյանը մինչ այժմ արտերկրում բուժում էր ստանում, իսկ ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով առաջադրված մեղադրանքներին՝ Անանյանը ասաց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետախուզում էր հայտարարել 2020 թվականի մարտ ամսին՝ նրան մեղադրյալ ներգրավելով Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։ Մեկ այլ մեղադրանք էլ առաջադրվել է օգոստոս ամսին։

Ըստ ԱԱԾ-ի՝ 2009 թվականին պաշտոնատար անձինք նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանի հետ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նվիրատվության կարգով Երևանի Կենտրոնում գտնվող համայնքապատկան անշարժ գույքեր են տրամադրել երեք անձանց և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ գույքը չնչին գումարներով օտարել են Բեգլարյանի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ՝ 235 միլիոն դրամի վնաս։

Իրավապահների փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքները նվիրաբերվել են Բեգլարյանի քաղաքապետ նշանակվելուց ընդամենը երկու ամիս հետո։ Ընդհանուր առմամբ շուրջ 400 քառակուսի մետր տարածքները գտնվում են Մաշտոցի պողոտայում, Չարենցի և Վարդանանց փողոցներում գտնվող երեք շինություններում։

 Դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին, սակայն նա լքել էր երկիրը և գտնվում էր հետախուզման մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.