Սյուզաննա Մելքոնյանը ռումինական Golden Stag մրցույթից վերադարձել է հատուկ մրցանակով. երգչուհին կիսվել է զգացողություններով

0

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որը ռումինական Golden Stag մրցույթ-փառատոնում ներկայացնում էր Հայաստանը, հայրենիք է վերադարձել հատուկ մրցանակով: Սյուզաննան մրցույթի պատվիրակության կողմից արժանացել է «Լավագույն կատարող»-ի տիտղոսին:

Մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 18-ին եւ տեւել մինչեւ օգոստոսի 25-ը: Երգչուհին մրցութային օրերի ընթացքում ներկայացրել է ռումինական Pe Aripi de Vant եւ Լարա Ֆաբիանի Je Suis Malade երգերը: Մրցույթի մրցանակային տեղերը զբաղեցրել են  Իտալիայի, Ավստրալիայի եւ Լատվիայի ներկայացուցիչները:

Սյուզաննան Հայաստան է վերադարձել լուսադեմին. NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է իր զգացողություններով.

«Ես մեծ տպավորություններով եմ  վերադարձել, որովհետեւ եւս մեկ շատ մեծ լսարան ավելացավ  իմ երեւանյան ու սլավոնական լսարանին: Շատ նամակներ եմ ստացել սոց-ցանցերով, էլ չեմ խոսում, թե YouTube-ում ինչ հաճելի մեկնաբանություններ են ինձ գրում: Հաճելի է, երբ  քո շրջապատն ու հայրենակիցներն են քեզ գնահատում, բայց երբ դու կարողանում ես գերել  եվրոպացիների սիրտը, հատկապես նրանց, որոնք այնքան էլ էմոցիոնալ չեն, դա արդեն մեծ բան է»,-ասում է երգչուհին՝ խոստովանելով, որ մրցույթում մասնակցելը հեշտ չի եղել.

«Անչափ ուրախ եմ, որ ես այնտեղ ոչ ոք չունենալով՝ կարողացել եմ ստանալ պատվիրակության կողմից հատուկ մրցանակ՝ որպես լավագույն կատարող: Սկսած նվագախմբից, դիրիժորից, այստեղի կազմակերպիչներից եւ հանդիսատեսից, բոլորն իմ կատարումից գոհ են եղել: Մինչեւ վերջին վայրկյանը այստեղ բոլորը համոզված էին, որ ես եմ լինելու Գրան պրիի մրցանակակիրը: Սակայն, եթե «Նոր ալիք»-ում հենց տեղում բոլորն էին տեսնում գնահատականները, այնտեղ ամեն ինչ շատ փակ էր: Կար հատուկ համակարգ ու ոչ ոք չգիտեր՝ որ բալն է ամենաբարձրը, ով ումից որքանով է ավել ստացել եւ այլն: Ամեն դեպքում՝ ես շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսից, իմ հայրենակիցներից, որովհետեւ նմամ ջերմ արձագանք ու հաղորդագրություններ  ստանլով՝ նույնիսկ կուլիսներում հուզվել եմ: Շնորհակալ եմ, որ գնահատել են ինձ հատուկ մրցանակով, ուղղակի չեմ հասցնում պատասխանել բոլորին: Ամեն ինչ շատ հուզիչ էր»:

Սյուզաննան խոստովանում է՝ այս պահին բավական հոգնած է, քանի որ նախորդ երկու ամիսների ընթացքում ընկղմված է եղել մրցույթի նախապատրաստական աշխատանքների մեջ.

«Այնտեղ մասնակցությունը շատ բարդ էր, իսկ նախապաստրաստական աշխատանքներին զուգահեռ՝ Երեւանում նաեւ աշխատում էի ամեն օր: Շատ անելիքներ ունեմ՝ կորպորատիվներ, նկարահանումներ, բայց գլոբալ նորությունների մասին չեմ ցանկանում խոսել, որովհետեւ  հաջորդը պետք է այնպիսի մի բան լինի, որը դեռեւս չի գրանցվել ինձ մոտ: Սովորական աշխատանքային վիճակներ, նկարահանումներ շատ կլինեն, բայց նորությունների մասին այլ չակերտներ չեմ ցանկանում բացել»:

Leave A Reply

Your email address will not be published.