Ջազի լեգենդ, Գրեմմիի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ելույթ է ունեցել Երեւանում

0

Այսօր նշվում է Ջազի միջազգային օրը, եւ Երեւանում, ինչպես միշտ, այն մեծ թափով են նշում: Այս գարնանային համերգների «շարքի» աստղն է դարձել ծագումով Կուբայից հրաշալի երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Գոնսալո Ռուբալկաբան, որը ստեղծել է կատարման իր յուրահատուկ ոճը՝ առկա է ե՛ւ աֆրոկուբայական ջազ, ե՛ւ ջազ-ռոք-ֆյուժն, ե՛ւ դասական, ե՛ւ ինչ-որ բանով ավանգարդ…

Նա մենակ չի եկել, երկու բարձրակարգ երաժիշտներ Մեթյու Բրյուերի (բաս) եւ Էրիկ Հարլանդի (հարվածային գործիքներ) հետ, եւ դա աներեւակայելի էր: Երաժիշտների եւ անձամբ մաեստրո Ռուբալկաբայի կատարմամբ՝ յուրատեսակ հնչողություն, վառ ոչ սովորական արանժիրովկաներ ու ներդաշնակություն, ցնցող, խորը իմպրովիզացիաներ:

Զարմանալի չէ. 1999 թվականին «Piano & Keyboard» ամսագիրը նրան անվանել է 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկը այնպիսի հսկաների հետ միասին, ինչպիսին են՝ Գլեն Գուլդը, Մարտա Արգերիխը եւ Բիլ Էվանսը: Ռուբալկաբան երկու Գրեմմի մրցանակ ունի եւ երկու Լատինական Գրեմմի. նա ջազի աշխարհում համընդհանուր ճանաչված հեղինակություն է: Մի խոսքով, այս կուբայացի բնածին տաղանդին հայտնաբերել է ինքը՝ Դիզի Գիլեսպին:

Ռուբալկաբան սերում է երաժշտական ընտանիքից. հայրը եւ եղբայրը նույնպես երաժիշտներ են: Նա վեց տարեկանում արդեն հոր նվագախմբում հարվածային գործիքներ էր նվագում, իսկ երաժշտություն սկսել է սովորել 2 տարի ուշ՝ որպես հիմնական գործիք դաշնամուրն ընտրելով միայն «մորն ուրախացնելու համար»: Նա ավարտել է Հավանայի արվեստների ինստիտուտը՝ երաժշտական կոմպոզիցիայի ոլորտի աստիճանով, բայց արդեն դեռահաս տարիքում հյուրանոցներում, համերգային դահլիճներում եւ Հավանայի ջազ ակումբներում հանդես էր գալիս որպես թմբկահար ու դաշնակահար: Ինստիտուտն ավարտելուց հետո ձեռք է բերել հանրաճանաչ երաժիշտի կարգավիճակ՝ լեգենդար Արագոնի նվագախմբի հետ հյուրախաղերի մեկնելով Կուբայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիայում, ելույթ ունենալով որպես ջազ խմբերի շարքային անդամ, իսկ 1984 թվականից սկսած ղեկավարելով սեփական աֆրոկուբայական ջազ-ռոք-ֆյուժն «Գրուպո Պրոյեկտո» խումբը: Գոնսալո Ռուբալկաբան նվագել է մեր ժամանակների ամենաթոփային երաժիշտների հետ, նրան ամբողջ աշխարհում ճանաչում ու սիրում են:

Պարզվում է՝ նա Հայաստանում էլ մեծաթիվ երկրպագուներ ունի. դրա վառ վկայությունն են Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համարգասրահում հավաքված հանդիսատեսի հրացական արձագանքները:

Leave A Reply

Your email address will not be published.