Արա Աբրահամյանը առաջարկել է Մոսկվայի հրապարակներից մեկն անվանակոչել Ազնավուրի պատվին և հուշարձան կանգնեցնել

0

Իր ուղերձում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը դիմել է Մոսկվայի քաղաքային իշխանություններին՝ խնդրելով Ռուսաստանի մայրաքաղաքում անմահացնել Շառլ Ազնավուրի հիշատակը։

Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի և Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Շապոշնիկովի անունով գրված ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«2018 թվականի հոկտեմբերի 1-ին կյանքի 95-րդ տարում մահացել է հայազգի ֆրանսիացի լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան):
Նրա անվան հետ կապված է մի ամբողջ դարաշրջան և ոչ միայն երաժշտական: Ազնավուրի երգերի ներքո է մեծացել ոչ մեկ սերունդ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, որն Ազնավուրը սիրում էր ամբողջ սրտով և որտեղ հաճախ էր լինում ընտանիքի անդամների հետ:

Շատ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում իր շրջագայությունների ընթացքում Ազնավուրի անզուգական կատարմամբ հնչել են երգեր նաև ռուսաց լեզվով: Նա հաճախ էր պատմում, որ «ռուսական թեման» եղել է իր կյանքում մանկությունից, քանի որ նրա պապը եղել է Նիկոլայ 2-րդի խոհարարը, իսկ հայրը՝ Փարիզում ռուսական ռեստորանի սեփականատեր:

Նա հոգատար մարդ էր և հասարակական գործիչ, ամբողջ աշխարհում հումանիտար և բարեգործական շատ ակցիաների կազմակերպիչ և մասնակից: Ազնավուրը 1988 թվականի երկրաշարժն ընկալեց որպես անձնական ողբերգություն: Այն ժամանակ նա ընդհատեց իր հյուրախաղերը և մեկնեց Խորհրդային Միություն՝ ողբերգության վայր: Հայաստանում լինելով 1989 թվականի փետրվարին, Ազնավուրն այնուհետև մեկնեց Մոսկվա և հյուրընկալվեց Կրեմլում՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովի մոտ, ում հետ քննարկեց հանրապետությանը հատկացվելիք օգնության հարցերը, որը տուժել էր տարերային աղետից:

Նրա գրած երգի շնորհիվ, որը կատարեց երգչախումբը՝ կազմված ֆրանսիացի իննսուն նշանավոր երգիչներից, ամբողջ աշխարհում այն ժամանակ աղետին արձագանքեցին հազարավոր մարդիկ և նվիրաբերեցին միջոցներ՝ տուժածներին օգնելու համար:

Շառլ Ազնավուրի աշխատանքն արժանացել է մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակների, ինչպիսիք են Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը», «Սեզարի» պատվավոր մրցանակը, «Էդիսոնի մրցանակը» և այլն: Ազնավուրի աստղը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է 2017 թվականին:

Պարգևատրվել է Ֆրանսիայի, Հայաստանի, Իսրայելի, Ճապոնիայի, Կանադայի և աշխարհի այլ երկրների բարձրագույն պետական պարգևներով:

Ազնավուրի անունով են կոչվում աշխարհի շատ երկրների փողոցներ և հրապարակներ: Կենդանության օրոք նրա համար հուշարձան են կանգնեցրել Հայաստանում՝ Գյումրի քաղաքում (հեղինակը ճանաչված ռուս քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Լենինի մրցանակակիր Ֆրիդ Սողոյան): 2010 թվականին Պամիրի 5250 մ բարձրությամբ գագաթը կոչվեց «Շառլ Ազնավուրի գագաթ»:

2014 թվականին Շառլ Ազնավուրը, ով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրամանով պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կրծքանշանով «Միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար»:

Շառլ Ազնավուրը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը: Նա միշտ պատրաստակամորեն արձագանքել է Ռուսաստանի հայերի միության հրավերներին և մասնակցել մեր բարեգործական միջոցառումներին: Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ՝ այս տարվա գարնանը, Ազնավուրը խոստովանել է իր սերը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ: Եվ նրանք պատասխանում էին նրան փոխադարձ սիրով, ինչի ապացույցն են մեծ երգչի, դերասանի և կոմպոզիտորի տաղանդի հազարավոր երկրպագուները, ովքեր այս օրերին իրենց վիշտն արտահայտում են Մոսկվայում՝ Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանատների մոտ վառվող մոմերով և Ռուսաստանի հայերի միությանն ուղղված դիմումներով՝ առաջարկելով հավերժացնել մեր ժամանակների ականավոր արվեստագետի և հումանիստի հիշատակը:

Հաշվի առնելով վերը նշվածը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության անունից դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ Մոսկվայի հրապարակներից մեկն անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով և կանգնեցնել մեր մեծ ժամանակակցի հուշարձանը: Բացի դա, նպատակահարմար ենք համարում Մոսկվայի երաժշտական ուսումնական հաստատություններից մեկն անվանակոչել մեծ շանսոնյեի անունով:

Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում Շառլ Ազնավուրի հիշատակի հավերժացումը ոչ միայն հարգանքի տուրք կլինի լեգենդար կատարողին և հասարակական գործչին, այլ նաև կծառայի ազգերի միջև բարեկամության ամրապնդմանը, երիտասարդ սերնդին բարձր հումանիստական իդեալների ոգով կրթելուն, ինչին նվիրված էր լեգենդար Շառլ Ազնավուրի կյանքը»:

Leave A Reply

Your email address will not be published.