Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

0

Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը: Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ:

Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ: Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» ֆիլմը: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատար Աննա Իսաևան /դերասան, բալետի պարող/: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ» ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ» ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի աջակցությամբ: Կինոցուցադրումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալհղումով: Մուտքն ազատ է:

Դեպի վեր/Движение вверх

Ռեժ.՝ Անտոն Մեգերդիչև
Դերերում՝ Վլադիմիր Մաշկով, Անդրեյ Սմոլյակով, Իվան Կոլեսնիկով ևն

Հայտնի բասկետբոլիստ Սերգեյ Բելովի համանուն կենսագրական գրքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը պատմում է ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականի մասին, որը  Մյունխենի 1972 թ. Օլիմպիական խաղերում տարավ շատ գեղեցիկ հաղթանակ: Ոչ ոքի մտքով չէր էլ կարող անցնել, որ անհաղթելի ամերիկացիները մի օր կպարտվեն, սակայն…: Այս հաղթանակն այսքան մոտ չէր լինի, եթե չլիներ ռուս հմուտ մարզիչ Վլադիմիր Գարաժանինը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մեծ/Большой

Ռեժ.՝Վալերի Տոդորովսկիյ
Դերերում՝ Ալիսա Ֆրեյնդլիխ, Վալենտինա Տելեչկինա ևն

Ֆիլմի գլխավոր հերոսուհին Յուլիա անունով մի աղջիկ է, որը երազում է բալետի պարուհի դառնալու մասին: Յուլիան տաղանդավոր է և շատ է սիրում այն, ինչ անում է: Մի գեղեցիկ օր նրան նկատում է բալետի հայտնի արտիստ Պոտոցկին, որն առաջարկում է աղջկան ավելի լրջորեն զբաղվել բալետով, սակայն ամեն ինչի համար ստիպված ես լինում վաղ թե ուշ վճարել. Յուլիան պետք է շատ աշխատի և բազում դժվարությունների միջով անցնի:
Այս տարի ֆիլմը նոմինացվել էր ռուսական «Նիկա» մրցանակաբաշխությանը 4 անվանակարգերում, սակայն հաղթեց միայն  «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ալիսա Ֆրեյնդլիխ)  և «Ձայնային ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Նախագահի արձակուրդը/Каникулы президента

Ռեժ.՝Իլյա Շերստոբիտով
Դերերում՝ Դմիտրի Գրաչյով, Աննա Ցուկանովա-Կոտ, Նաստասյա Սամբուրսկայա ևն

Ֆիլմը պատմում է երկրի նախագահի՝ Ղրիմ ուղևորության մասին: Նա հույս ունի, որ այնտեղ նրան կհաջողվի անջատվել առօրյա հոգսերից և հանգստանալ: Սակայն շուտով նա գիտակցում է, որ տեղի բնակիչները նրան հանգիստ չեն թողնի և դիմում է դիմահարդարի օգնությանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Սելֆի/Селфи

Ռեժ.՝ Նիկոլայ Խոմերիկի
Դերերում՝Կոնստանտին Խաբենսկի, Յուլիա Խլինինա, Ֆեոդոր Բոնդարչուկ ևն

Ֆիլմի գլխավոր հերոսը Բոգդանով անունով պատկառելի տարիքի մի տղամարդ է, որը հայտնվել է ծուղակում. նա ունի կրկնօրինակ, որն ապրում է հերոսի կյանքով, նրա փոխարեն վարում է Բոգդանովի հաղորդումը, հանդիպում և զրուցում է երկրպագուների հետ: Կրկնօրինակ տղամարդն ավելի անկեղծ է իր հետևորդների հետ, սրամիտ է, հումորով և շատ հաջողակ, նա զրկել է Բոգդանովին ամեն ինչից: Ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել երբեմնի բարի համբավը: Բոգդանովը հանձնվել է, և միայն նրա դուստրն է պատրաստ պայքարել կրկնօրինակի դեմ:
Ֆիլմի հիմքում է Սերգեյ Մինաևի 2015 թ. «21-րդ դարի Духless. սելֆի» գիրքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Ցրտահարված ծածանը/Карп отмороженный

Ռեժ.՝Վլադիմիր Կոտ
Դերերում՝ Մարինա Նայոլովա, Ալիսա Ֆրեյնդլիխ ևն 

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ելենա Միխայլովնան է, որն ապրում է ռուսաստանյան մի գյուղաքաղաքում: Հերոսուհու հանգիստ և միապաղաղ կյանքը մեկ րոպեում հօդս է ցնդում, երբ նա իմանում է, որ անբուժելի հիվանդ է և շուտով հրաժեշտ է տալու կյանքին: Նա, սակայն չի ցանկանում անհանգստացնել ամուսնուն և անվերջ զբաղված որդուն և որոշում է, որ  միայնակ էլ կարող է կազմակերպել սեփական հուղարկավորությունը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Սահմանագիծ/Рубеж

Ռեժ.՝Դմիտրի Թյուրին
Դերերում՝Պավել Պրիլուչնի, Ստանիսլավ Դուժնիկով ևն

Միխայելն ունի ամեն ինչ, բացի ամենագեղեցիկ զգացմունքից՝ սիրուց: Գլխավոր հերոսը համոզված է, որ սիրուց ավելի կարևոր բաներ կան այս աշխարհում, սակայն մի գեղեցիկ օր նա հանդիպում է այն աղջկան, որը ստիպում է Միխայելին վերանայել իր բոլոր արժեքները: Սակայն, ոչ բոլորն են ունակ սիրել, սիրել անկեղծ սիրով: Որպեսզի կարողանա սիրել, հերոսը ձեռք է բերում գերբնական ուժ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Աննա Կարենինա (սերիալ)/Анна Каренина (сериал)

Ռեժ.՝Կարեն Շահնազարով
Դերերում՝ Ելիզավետա Բոյարսկայա, Մաքսիմ Մատվեև ևն

Կարեն Շախնազարովի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ֆիլմի հիմքում հայտնի և բոլորիս կողմից սիրված «Աննա Կարենինա» վեպն է, սակայն իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարում:
1904 թ., ռուս-ճապոնական պատերազմ: Ռուսաստանյան մի հիվանդանոցում հանդիպում են Սերգեյ Կարենինը՝ Աննա Կարենինայի որդին և կոմս Վրոնսկին՝ Աննայի կյանքի ամենամեծ սերը: Սերգեյը գիտի, որ տարիներ առաջ Վրոնսկին սիրավեպ է ունեցել իր մոր հետ: Հուսահատ և զայրացած որդին մոտենում է Վրոնսկուն և հայտնում նրան, թե ով է ինքը: Այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը. Վրոնսկին Սերգեյին պատմում է իր տրագիկ սիրո պատմությունը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Վերջին դյուցազնը/Последний богатырь

Ռեժ.՝Դմիտրի Դյաչենկո
Դերերում՝Միալ Սիվացկայա, Վիկտոր Հորինյակ, Եկատերինա Վիլկովա ևն

Հասարակ տղա Իվանը Մոսկվայից տեղափոխվում է Բելոգորիե կոչվող մի տեղ, որտեղ մոսկովյան իրականությանը զուգահեռ ապրում են հեքիաթի հերոսները: Իվանը հայտնվել է բարու և չարի պայքարի արանքում և որոշում է կայացնում պայքարել չարի դեմ: ինչո՞ւ հենց Իվանը…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Առիթմիա/Аритмия

Ռեժ.՝ Բորիս Խլեբնիկով
Դերերում՝ Ալեքսանդր Յացենկո, Իրինա Գորբաչովա ևն

Գովասանքների և դրական արձագանքների արժանացած այս ֆիլմը եռապատկեց ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի փառքը:
Ֆիլմի գլխավոր հերոսները ամուսիններ Օլեգն ու Կատյան են, որոնք երկուսն էլ բժիշկներ են: Օլեգն աշխատում է շտապ օգնությունում, իսկ Կատյան՝ հիվանդանոցի ընդունարանում: Ամուսինների հարաբերություններում լարված շրջան է. աշխատանքը նրանց շատ է հոգնեցնում: Կատյան առաջարկում է բաժանվել, սակայն Օլեգը չի հանձնվի…
Ֆիլմը «Նիկա» մրցանակաբաշխությանը հաղթել է 7 անվանակարգերից 5-ում: Դրանք են՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Բորիս Խլեբնիկով), «Լավագույն դերասան» (Ալեքսանդր Յացենկո), «Լավագույն դերասանուհի» (Իրինա Գորբաչովա), «Լավագույն սցենար» անվանակարգերը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Ֆիլմացանկն ու ժամերը՝ այստեղ:

Leave A Reply

Your email address will not be published.