Հոր մոտ Ալցհեյմերի հիվանդության առկայությունը մեծացնում է ուղեղում տաու-սպիտակուցի՝ հիվանդության առանցքային նշաններից մեկի կուտակման վտանգը։ Նման պաթոլոգիան հատկապես հաճախ է նկատվում կանանց մոտ։ Այսպիսի եզրահանգման են եկել Կանադայի Մակգիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։
Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ հիվանդության մայրական կողմի պատմությունն է ավելի ուժեղ ազդեցություն գործում Ալցհեյմերի հիվանդության առաջացման վրա։ Սակայն նոր տվյալները մատնանշում են հայրական գործոնի հնարավոր կարեւորությունը։ Ընդ որում, հեղինակներն ընդգծում են. գիտական աշխատանքը չի ապացուցում պատճառահետեւանքային կապը, այլ միայն ի հայտ է բերում ասոցիացիաները։
Հետազոտությանը մասնակցել է 68 տարեկան 243 մարդ, որոնք կոգնիտիվ խանգարումներ չեն ունեցել։ Բոլոր մասնակիցների մոտ Ալցհեյմերի հիվանդությունը եղել է ընտանեկան անամնեզում՝ ծնողներից մեկի կամ երկուսի, կամ էլ երկու եւ ավելի եղբայրների եւ քույրերի մոտ։ Յոթ տարվա ընթացքում մասնակիցները կանոնավորապես հիշողության եւ մտածողության թեստեր, ինչպես նաեւ ուղեղի սքանավորում են անցել։
Դիտարկման ընթացքում 71 մասնակիցների մոտ առաջացել են թեթեւ կոգնիտիվ խախտումներ՝ Ալցհեյմերի հիվանդության հնարավոր նախանշաններ։ Ընդ որում՝ այս պաթոլոգիան ունեցող հոր առկայությունը հարաբերակցվել է ուղեղում տաու-սպիտակուցի կուտակումների ամենամեծ հավանականության հետ։ Նորմալ վիճակում տաու-սպիտակուցը մասնակցում է միկրոխողովակների ՝ բջջի ներքին ամրանի հավաքմանը։ Բայց երբեմն նրա մոլեկուլները սոսնձվում են միմյանց եւ դադարում հենարան ծառայել նեյրոնների համար։
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ կանանց մոտ, անկախ ծնողների անամնեզից, նկատվել է այդ սպիտակուցի ավելի արտահայտված կուտակում տղամարդկանց համեմատ։