Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է Ֆրանսիայի հավաքականում թիմակից, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ մտերիմ հարաբերությունների մասին։
«Ես ու Անտուանը հաճախ ենք զրուցում։ Նա հրաշալի որդի ունի, ֆուտբոլի մեծ ֆանատ է, հիշեցնում է ինձ մանկության տարիներին։
Մյուս կողմից, իսկապես, ավելի բարդ է դարձել շփումը, քանի որ ապրում ենք քաղաքում, որտեղ մեր թիմերը սկզբունքային մրցակիցներ են։ Բայց կարող եմ վստահեցնել, որ Անտուանի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ։ Նա արդեն մի քանի անգամ ինձ հրավիրել է իր տուն բարբեքյուի։ Դեռ չի ստացվում գնալ, բայց անպայման կգնամ։ Մենք մոտ ենք ապրում իրար։
Ես գիտեի, որ նա հեռանալու է հավաքականից։ Նա բացատրել էր ինձ, թե ինչու է ընդունում այդ որոշումը։
Այն ժամանակ մենք զգում էինք, որ մեր ներդրումը հավաքականում այնքան էլ չի գնահատվում։ Ես ու Անտուանը տպավորություն ունեինք, որ մեր արածը հավաքականում նետում են աղբանոց»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մարտի 20-ին եւ մարտի 23-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։