Ֆրուկտոզայով հարուստ մանգոն եւ խաղողը չեն մեծացնում դիաբետի, լյարդի ճարպային հիվանդության կամ քաղցկեղի վտանգը։ Այս մասին Daily Mail-ին ասել է Օքսֆորդի համալսարանի մետաբոլիկ առողջության ոլորտի հետազոտող, դոկտոր Նիք Նորվիցը։
Բժիշկը նշել է, որ ֆրուկտոզան բնական շաքար է, որը բնականորեն պարունակվում է բուսական սննդի եւ մեղրի մեջ: Այն նաեւ հաճախ ավելացնում են վերամշակված մթերքներին՝ եգիպտացորենի օշարակի տեսքով։ Արտադրողներն օգտագործում են եգիպտացորենի օշարակը գազավորված ըմպելիքներ, չոր նախուտեստենր, կաթնամթերք եւ կոնֆետ պատրաստելու համար:
Ֆրուկտոզայի պարունակությամբ առաջատարներն են մանգոն, խաղողը եւ ջեքֆրուտը` թթի ընտանիքց արեւադարձային ծառի մեծ պտուղ հաստ կանաչ կեղեւով: Սակայն Նորվիցը նշել է, որ այս մրգերի քաղցրությունը չպետք է «վախեցնի» մարդկանց դրանց օգտագործումից:
Գիտնականը վկայակոչել է 2014թ. Բժշկության ազգային ինստիտուտի հետազոտությունը, որը պարզել է, որ ֆրուկտոզան հատուկ ազդեցություն չի թողնում օրգանիզմի վրա, ինչը կհանգեցնի քաշի ավելացման՝ այլ աղբյուրներից շաքարի օգտագործման համեմատ: Նաեւ ֆրուկտոզայի օգտագործումը չի վնասում բարակ աղիին եւ լյարդին:
Դոկտոր Նորվիցը պատմել է, որ ամենաքաղցր միրգը՝ մանգոն, պարունակում է ավելի քան 20 վիտամին եւ հանքանյութ, ինչպես նաեւ բջջանյութ եւ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են հաստ աղիի քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Չափավոր քանակությամբ անվտանգ է նաեւ խաղողը։
Անկախ գույնից՝ խաղողի մեկ բաժակի մեջ պարունակվում է 12,3 գրամ ֆրուկտոզա՝ բանանի համեմատ, որն ունի ընդամենը 5,7 գրամ։ Եթե դուք միանգամից չափից շատ խաղող եք ուտում, ֆրուկտոզան կարող է ճիշտ չներծծվել, ինչը կհանգեցնի փքվածության եւ ստամոքսի խանգարման: Սակայն գիտական աշխատանքները ցույց են տվել, որ խաղողի օգտագործումն օգտակար է սրտի եւ ուղեղի առողջության համար, ուստի չարժե նաեւ լիովին հրաժարվել դրանից։