Ցրված սկլերոզը բորբոքային դեմիելինիզացնող հիվանդություն է, որն առաջանում է միելինի՝ ուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջները ծածկող ճարպային թաղանթի աուտոիմուն քայքայման հետևանքով:
«Ցրված» տերմինը բնութագրում է հիվանդության ժամանակ նյարդային համակարգում առկա բազմաթիվ ցրված օջախները, իսկ «սկլերոզ» տերմինը պայմանավորված է այդ օջախներում սկլերոտիկ/սպիական փոփոխություններով։
Ցրված սկլերոզի ախտանշաններից են․
- տեսողության խնդիրներ;
- քայլքի կամ հավասարակշռության խանգարումներ;
- թմրածություն կամ թուլություն վերջույթներում;
- մկանային սպաստիկություն (լարվածություն);
- դեպրեսիա;
- սեռական ֆունկցիայի կամ միզարձակման խանգարումներ;
- ծայրահեղ հոգնածության զգացողություն։
Ցրված սկլերոզի ախտանշաններին նման ախտանշաններ կարող են դիտվել բազմաթիվ այլ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ: Կարևոր է հիշել, որ այդ հիվանդությունների բուժումը տարբերվում է Ցրված սկլերոզի բուժումից: Ցրված սկլերոզով պացիենտների համար ամենակարևոր խնդիրը, դա վաղ ախտորոշումն է: Սովորաբար հիվանդության ախտանշանների դրսևորումից մինչև վերջնական ախտորոշումը տևում է առնվազն 6 ամիս։ Նախկինում այդ ժամանակահատվածը զգալիորեն ավելի երկար էր՝ մինչև մեկ տարի և ավել։
Վաղ ախտորոշումը, վաղ սկսված ճշգրիտ բուժումը հնարավորություն են տալիս երկարաձգել հաշմանդամության զարգացումը մի քանի տարով նույնիսկ հիվանդության ամենածանր ձևերի ժամանակ:
Ցրված սկլերոզի ախտորոշման հիմնական մեթոդը մագնիտա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) է։ Այն ոչ ինվազիվ, անցավ մեթոդ է և հիմնված է ռադիոալիքների և մագնիսական դաշտերի կիրառման վրա։
Հիվանդության կլինիկական ընթացքի լիարժեք գնահատման համար նույնպես չափազանց կարևոր է մագնիսային ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որը ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ամենամսյա կիրառման դեպքում 5-10 անգամ ավելի հաճախակի կարող է հայտնաբերել սրացումը, քան միայն կլինիկական հսկողությունը: Սակայն ամենամսյա ՄՌՏ հետազոտության իրագործումը արժեքի առումով գործնականում անհնարին է։ ՄՌՏ այսպիսի բարձր զգայնությունը հնարավոր է դարձնում այն լայնորեն կիրառել հիվանդության արագ ախտորոշման՝ հիվանդույթան առաջին իսկ գանգատների ի հայտ գալուն պես, ինչպես նաև դեղորայքային բուժման արդյունավետության հսկողության նպատակով։

Ցրված սկլերոզի ախտորոշման համար օգտագործվում են ՄՌՏ-ի սարքի աշխատանքի մի քանի ռեժիմներ․
- T2 ռեժիմը որոշում է ախտահարված օջախների քանակը, որոնք գլխուղեղի և ողնուղեղի հյուսվածքում երևում են բաց գույնի բծերի տեսքով։
- T1 ռեժիմը կարող է ցույց տալ Ցրված սկլերոզի հին օջախներ։
Իսկ եթե T1 ռեժիմով ՄՌՏ իրականացնելիս հիվանդի արյան մեջ ներարկվում է գադոլինային կոնտրաստ նյութ, ապա կարելի է ստանալ ամենաթարմ օջախների ավելի հստակ պատկեր և հասկանալ ինչքանով է հիվանդությունն ակտիվ տվյալ պահին և արդյունավետ է արդյո՞ք ստացած բուժումը։
Երբ ախտորոշումը կասկածելի է, դիմում են օգնող այլ մեթոդների՝ հիմնականում ողնուղեղային պունկցիայի, երբ վերցնում են ողնուղեղային հեղուկը և իրականացնում օլիգոկլոնալ հակամարմինների քննություն, որոնց առկայությունը վկայում է խրոնիկական բորբոքման մասին։
Հիվանդության որոշ դեպքերում բժիշկը ախտորոշման հաստատման կամ այլ հիվանդությունների բացառման նպատակով կարող է պահանջել ևս մի հետազոտություն՝ դրդված պոտենցիալների գրանցումը, որը օգնում է գնահատել տեսողական, լսողական և զգացողական ուղիների ամբողջականությունը:
Այդ չափորոշիչները հաշվի են առնում՝
- հիվանդության կլինիկական ախտանշանները
- գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ հետազոտության տվյալները
- օլիգոկլոնալ հակամարմինների առկայությունը ողնուղեղային հեղուկում
Այս ամենի հիման վրա ապացուցվում է ՛՛տարածության և ժամանակի մեջ օջախների տարածված՛՛ լինելու փաստը:
Վաղ ախտորոշումը, վաղ սկսված ճշգրիտ բուժումը հնարավորություն են տալիս երկարաձգել հաշմանդամության զարգացումը մի քանի տարով նույնիսկ հիվանդության ամենածանր ձևերի ժամանակ:
Ցրված սկլերոզի վերը թվարկած գանգատներից որևէ մեկի առկայության դեպքում դիմե՛ք նյարդաբանին:
Գրականություն
- https://www.ninds.nih.gov/health-information/disorders/multiple-sclerosis
- https://www.mayoclinic.org/diseases-conditions/multiple-sclerosis/symptoms-causes/syc-20350269
- Improving Outcomes in Multiple Sclerosis Through Early Diagnosis and Effective Management, Emmanuelle Waubant Author information PMCID: PMC3583755 PMID: 23469314