Շիզոֆրենիայի ախտանիշները կապված են ուղեղի անհատական առանձնահատկությունների հետ. AJP

Շիզոֆրենիայի ախտանիշները կապված են ուղեղի անհատական առանձնահատկությունների հետ. AJP

Ցյուրիխի համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով, թե շիզոֆրենիայով հիվանդների ուղեղի որ հատվածներն են մեծ փոփոխականություն ցուցաբերում: Աշխատանքը հրապարակվել է American Journal of Psychiatry (AJP) ամսագրում:

Շիզոֆրենիան բարդ հոգեկան խանգարում է, որն ազդում է ընկալման, մտածողության եւ հույզերի վրա: Որոշ հիվանդներ ունեն ընկալման խնդիրներ, իսկ մյուսները՝ կոգնիտիվ խանգարումներ:

«Այս առումով շիզոֆրենիա՝ որպես մեկ հիվանդություն, գոյություն չունի։ Կան դրա բազմաթիվ տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նյարդակենսաբանական պրոֆիլը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Ցյուրիխի համալսարանի հոգեբուժական կլինիկայի ավագ բժիշկ Վոլֆգանգ Օմլորը:

Շիզոֆրենիայի արդյունավետ բուժման համար պահանջվում է անհատականացված մոտեցում, որը հաշվի է առնում կոնկրետ պացիենտի ուղեղի առանձնահատկությունները:

Նոր աշխատանքում գիտնականները վերլուծել են գլխուղեղի կեղեւի հաստությունը եւ մակերեսը, ինչպես նաեւ ուղեղի խոր կառուցվածքների ծավալը։ Տվյալներն ստացվել են միջազգային ENIGMA նախագծից, որը ներառել է 22 երկրներից ավելի քան 6 հազար մարդու ուղեղի պատկերներ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ շիզոֆրենիա ունեցող պացիենտների ուղեղի կառուցվածքի տարբերությունները բացատրում են նրանց ախտանիշների տարբերությունները: Բայց որոշ հատվածներ, ինչպիսին է միջին ճակատային շրջանը, ցույց են տալիս նմանատիպ փոփոխություններ բոլոր հիվանդների մոտ: Այս փոփոխությունները զարգանում են մանկության տարիներին, ինչը վկայում է ուղեղի ոչ այնքան ճկուն զարգացման մասին վաղ տարիներին:

«Այդ տվյալներն օգնում են ավելի լավ հասկանալ շիզոֆրենիայի նյարդակենսաբանական բնույթը»,- ավելացրել է Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Հոմանը:

Հետազոտողները նշել են, որ գլխուղեղի կեղեւի նման փոփոխությունները կարող են ցույց տալ հիվանդության զարգացման մեխանիզմները, մինչդեռ անհատական ​​բարձր փոփոխականությամբ գոտիները կարող են լինել անհատականացված բուժման բանալին:

Comments (0)
Add Comment