Թույլ սիրտը բարձրացնում է դեմենցիայի եւ Պարկինսոնի հիվանդության հավանականությունը. JN

Մելբուռնի համալսարանի գիտնականները պարզել են, որ սիրտ-անոթային համակարգի ծերացման հետ մեկտեղ վատանում է ուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք կարգավորում են ինքնավար նյարդային համակարգի գործունեությունը։ Սա մեծացնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience (JN) ամսագրում:

Գիտնականներն օգտագործել են վիզուալացման առաջադեմ տեխնիկա՝ առաջին անգամ ցույց տալու համար, թե ինչպես են սրտի եւ ուղեղի փոփոխությունները փոխազդում կյանքի ընթացքում: Հետազոտությանը մասնակցել են 46-80 տարեկան գրեթե երեք հազար առողջ մեծահասակներ։

Գիտնականները վաղուց գիտեն, որ սիրտն ու ուղեղը փոխկապակցված են՝ ուղեղը կարգավորում է սիրտը, իսկ սիրտն ուղեղին արյուն ու թթվածին է մատակարարում։ Սակայն անհասկանալի է մնում, թե ինչու են այս օրգանների հիվանդությունները հաճախ առաջանում միաժամանակ։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սիրտ-անոթային համակարգի վատ առողջությունն ուղեղի հիվանդության ռիսկի գործոն է: Գիտնականները նաեւ պարզել են, որ կանոնավոր սրտային մարզումները, որոնք ամրացնում են սիրտն ու արյունատար անոթները, նվազեցնում են այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսին են դեմենցիան եւ Պարկինսոնի հիվանդությունը։

Հետազոտողների թիմն օգտագործել է բազմաօրգան վիզուալացման տեխնոլոգիա եւ ընդլայնված վերլուծություն՝ պարզելու համար, թե ուղեղի որ հատվածներն են ենթարկվում սիրտ-անոթային փոփոխությունների մարդկանց տարիքին զուգահեռ: Այդ հատվածները կապված են ամենակարեւոր նյարդային ցանցերի հետ, որոնք կարգավորում են ինքնավար նյարդային համակարգը եւ սրտի աշխատանքը:

Մելբուռնի համալսարանի հետազոտող Յալդա Ամիրմոեցին ընդգծել է, որ նոր տվյալները կարող են օգնել ավելի արդյունավետ ռազմավարությունների ստեղծմանը՝ ծերացման պրոցեսում սիրտ-անոթային եւ ուղեղի հիվանդությունները կանխատեսելու եւ բուժելու համար:

Comments (0)
Add Comment