Տղամարդկանց և կանանց սրտերը տարբեր կերպ են էներգիա արտադրում. Circulation

Ուայթհեդի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց և կանանց սրտերը արյունը մղելու համար տարբեր կերպ են էներգիա արտադրում: Կնոջ սիրտը  ավելի շատ ճարպաթթուներ է օգտագործում կենդանի բջիջներում բազմաթիվ գործընթացների համար էներգիա ապահովող ATP (ադենոզին տրիֆոսֆատ) ստեղծելու նպատակով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation հանդեսում։

Սրտի հիվանդությունը շարունակում է մնալ տղամարդկանց և կանանց մահացության հիմնական պատճառը, սակայն դրա հետևանքները տարբերվում են՝ կախված սեռից: Այս տարբերություններն ուսումնասիրելու համար հետազոտողները օգտագործել են Genotype-Tissue Expression Project-ի տվյալները, որը ներառում է տեղեկություններ գեների էքսպրեսիայի և սրտի հյուսվածքի մետաբոլոմիկայի, ներառյալ՝ կարդիոմիոցիտների մասին:

Սրտի առողջ հյուսվածքի հասանելիությունը խնդրահարույց է, ուստի հետազոտողները հազարավոր մարդկանց սրտի առողջության վերաբերյալ՝ նախկինում սեռային տարբերությունների համատեքստում չդիտարկված տեղեկությունների նոր վերլուծություն են անցկացրել:

Հիմնական հայտնագործությունն այն է, որ կանացի կարդիոմիոցիտներն ավելի բարձր ակտիվություն ունեն ճարպաթթուների օքսիդացման (FAO) ուղու վրա՝ հիմնական նյութափոխանակության ուղին, որը ATP մոլեկուլների տեսքով սիրտը էներգիա է մատակարարում: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց կարդիոմիոցիտներն այս գործընթացում ներգրավված ավելի շատ գեներ են արտահայտում, և որ կնոջ սիրտը էներգիա արտադրելու համար ավելի շատ ազատ ճարպաթթուներ է օգտագործում, քան տղամարդու սիրտը:

Գիտնականները կարծում են, որ նման տարբերությունները կարող են դեր խաղալ սրտի հիվանդության դիտարկվող դրսևորումների և զարգացման մեջ, սակայն վերջնական եզրակացություններ անելու համար հետագա հետազոտություների կարիք կա։

Comments (0)
Add Comment