Չինացի գիտնականները ակնաբուժության պետական առանցքային լաբորատորիայից նկարագրել են նախկինում անհայտ հիվանդություն՝ արտաքին ցանցաթաղանթի հիպերսուր դիսֆունկցիա (HORD): Այն երեխաների մոտ առաջանում է բարձր ջերմությունից մեկ-երկու շաբաթ հետո եւ առաջացնում է տեսողության հանկարծակի կորուստ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Ophthalmology ամսագրում:
HORD-ը դրսեւորվում է հանկարծակի երկկողմանի կուրությամբ, տեսադաշտի նեղացմամբ, գունաընկալման խանգարմամբ եւ գիշերային կուրությամբ:
Հետազոտությանը մասնակցել է 3-7 տարեկան ութ երեխա: Չնայած ծանր ախտանիշներին՝ նրանց մեծ մասի մոտ տեսողությունը մասամբ վերականգնվել է մեկ տարվա ընթացքում:
Օպտիկական համակցված տոմոգրաֆիան (ՕՀՏ) հայտնաբերել է էլիպսոիդ գոտու (ցանցաթաղանթի տարածք, որը պատասխանատու է լույսի ընկալման համար) եւ արտաքին սահմանափակող մեմբրանի վնասում:
Էլեկտրառետինոգրաֆիան (ԷՌԳ) ցույց է տվել տեսողական հատվածների՝ սրվակիկների եւ ձողերի ակտիվության նվազում նույնիսկ տեսողության բարելավումից հետո:
Մեկ տարի անց երեխաների 88 տոկոսի տեսողության սրությունը 20/40 է եղել (վեց մետր հեռավորության վրա տեքստ կարդալու ունակություն), իսկ 50 տոկոսի մոտ՝ 20/25 (մեքենա վարելու նորմ):
Սակայն մնացորդային խախտումները պահպանվել են. ՕՀՏ պատկերները ցույց են տալիս վնասվածություն ցանցաթաղանթի կենտրոնից դուրս:
Գիտնականները HORD-ը համեմատել են աուտոիմուն էնցեֆալիտի հետ՝ ենթադրելով, որ հակամարմինները գրոհում են ցանցաթաղանթը: Բորբոքումը կարող է առաջանալ տենդի պատճառով, սակայն հիվանդության ճշգրիտ մեխանիզմը դեռեւս անհայտ է: