Արյան նոր անալիզը 85 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը. Science

Օրեգոնի Առողջապահության եւ գիտության համալսարանի գիտնականները մշակել են արյան նոր թեստ, որը 85 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերում է ենթաստամոքսային գեղձի վաղ փուլի քաղցկեղը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Արյան նոր անալիզը, որը կոչվում է PAC-MANN, կարող է զգալիորեն բարելավել պացիենտների ողջ մնալու հավանականությունը, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ ախտորոշվում է մետաստազների փուլում:

Այսօրվա դրւթյամբ կան հիվանդության առաջացման կանխատեսման գնահատման մեթոդներ, սակայն չկան ուռուցքի վաղ հայտնաբերման գործիքներ, երբ բարենպաստ ելքի հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Խնդիրը լուծելու համար գիտնականները թեստ են ստեղծել, որը բացահայտում է ենթաստամոքսային գեղձի ծորանի ադենոկարցինոման:

Թեստը մշակելիս օգտագործվել են 360 կամավորների արյան նմուշները. նրանցից ոմանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացել է, մյուսների մոտ ուռուցք է ախտորոշվել, իսկ մյուսները լիովին առողջ են եղել: Հետազոտողները փորձել են հայտնաբերել ամենաակտիվ սպիտակուցները քաղցկեղի առաջացման դեպքում:

Արդյունքները ցույց են տվել, որ PAC-MANN-ը կարողացել է հայտնաբերել վաղ փուլի քաղցկեղը 85 տոկոս ճշգրտությամբ, երբ օգտագործվել է CA 19-9 օնկոմարկերի հետ համատեղ: Թեստը նաեւ 98 տոկոս ճշգրտությամբ տարբերել է առողջ մարդկանց ենթաստամոքսային գեղձի այլ հիվանդություններ ունեցող պացիենտներից։

Գիտնականներն ավելացրել են, որ PAC-MANN-ը կարող է օգտագործվել նաեւ քաղցկեղի բուժման արդյունավետությանը հետեւելու համար՝ թույլ տալով բժիշկներին ավելի արագ արձագանքել հիվանդի վիճակի փոփոխություններին եւ բարելավել բուժման արդյունքները: Գիտնականները ներկայում գնահատում են թեստի ներուժը խոշոր կլինիկական փորձարկումների շրջանակում, որից հետո այն կարող է հավանության արժանանալ լայն կիրառման համար:

Comments (0)
Add Comment