Vogue-ը Մելանյա Թրամփի կերպարը ներկայացրել է խայթիչ հոդվածում։ Հեղինակը՝ Հաննա Ջեքսոնը, ծաղրել է առաջին տիկնոջ հագուստի ընտրությունը Սպիտակ տան նրա պաշտոնական դիմանկարում, որն արել է բելգիացի լուսանկարիչ Ռեժին Մաոն։
Նորաձեւության ամսագիրը ավելի վաղ մի քանի անգամ շողոքորթել է Սպիտակ տան նախորդ վարչակազմին, երբ նրա շապիկի վրա հայտնվել են ե՛ւ Ջիլ Բայդենը, ե՛ւ Քամալա Հարիսը, եւ վերջին հոդվածը Մելանյայի մասին հաստատում է, որ պարբերականը նախընտրում է դեմոկրատներին։
Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը նշանավոր դեմոկրատ է, եւ ժամանակին լուրեր էին պտտվում, որ նա նախագահ Բարաք Օբամայի օրոք դեսպանի պաշտոնի հավակնորդ է համարվում:
«Թրամփն ավելի շատ նման է արտահաստիքային ձեռնածուի, քան պետական աշխատողի»,- գրել է Հաննա Ջեքսոնը սեւ-սպիտակ դիմանկարի մասին: Նա նշել է «անպատշաճ սմոքինգը», որը Մելանյան կրել է պատմական լուսանկարի համար։ «Թրամփի հագուստը, իհարկե, չի սազում նիստերի դահլիճի ոճավորմանը»,- շարունակել է Ջեքսոնը: «Թրամփն ավելի շատ նման էր հրավիրյալ աստղի The Apprentice սերիալից, քան Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ»:
«Գուցե զարմանալի չէ, որ կինը, որն ապրում է ոսկով պատված փենտհաուսում, որի համբավն այնքան սերտորեն միահյուսված է ռեալիթի կայսրության հետ, նախընտրել է չհրաժարվել թատերարվեստից, նույնիսկ երբ բախվել է 248 տարվա ավանդույթի հետ»,- գրել է հեղինակը։
Ջեքսոնն ավարտել է իր թունոտ զազրախոսությունը երկիմաստ հաճոյախոսությամբ՝ ասելով, որ նոր լուսանկարը մեկ քայլ առաջ է առաջին տիկնոջ 2017թ. դիմանկարից, որում նրա դեմքը «անճանաչելիորեն ներկված է»: «Այս անգամ Թրամփները հարստությունը ցուցադրում են ոչ թե ադամանդե մատանիների, այլ տեխնոլոգիական ղեկավարների փոքր շրջանակի միջոցով, որոնք նստած էին առաջին շարքում 2025թ. երդմնակալության ժամանակ, եւ որոնց ընդհանուր կարողությունը կազմում էր ավելի քան 1 տրլն դոլար»: