Հակաբիոտիկներն այնքան են չարաշահում, որ տարիներ անց թոքաբորբը բուժել չի լինում. նախարարը էլեկտրոնային դեղատոմսերի մասին

2025 թվականին ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ընդհանուր առողջապահական որակի բարձրացման համար թվայնացումն ունի չափազանց կարևոր նշանակություն: Այս տարի մենք ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների, որի հիման վրա ենք միայն փոխհատուցումներն իրականացնելու: Այո, դա նշանակում է լրացուցիչ հմտությունների, գիտելիքների ձեռքբերում, բայց եթե մենք չգնանք թվայնացման, մենք չենք կարող խոսել ո՛չ ֆինանսական միջոցների էֆեկտիվ օգտագործման, ո՛չ էլ հենց առողջական ցուցանիշների բարելավման մասով»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը կարևորեց նաև էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը. «Անընդհատ աշխատանքի մեջ ենք գտնվում թե բժշկական հաստատությունների, թե դեղատների հետ: Էլեկտրոնային դեղատմոս դուրս գրելը և դեղատոմսով բացթողումը տնտեսվարողի վրա որևէ ֆինանսական հավելյալ ծախս չի ենթադրում: Այսինքն, դեղատունը որևէ շահագրգռվածություն այս մասով չունի, որ չհետևի էլեկտրոնային դեղատոմսի կանոնին:

Տեխնիկապես դեղատոմս դուրս գրելը 2-3 րոպե կտևի: Այս պահին մենք ևս վեց ամսով հետաձգեցինք միայն էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի ավելացումը: Ժամանակ ենք տալիս, որպեսզի թե քաղաքացիները թե ԲԿ-ները, թե դեղատները հետևեն այս կանոներին»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ դա կապահովի, որ հակաբիոտիկների, հորմոնալ դեղամիջոցների անհարկի օգտագործում չունենանք: «Դա կապահովի, որ հորմոնալ դեղամիջոցների և հակաբիոտիկների անհարկի չարաշահում չունենանք և իրավիճակում չհայտնվենք, որ հինգ տարի հետո թոքաբորբից մահեր կունենանք, որովհետև հակաբիոտիկները չեն օգնի: Տեխնիկական որևէ խոչընդոտ չկա, որ մենք էլեկտրոնային դեղատոմսին չհետևենք»,- շեշտեց նա:

Comments (0)
Add Comment