Բջջանյութով հարուստ դիետան պաշտպանում է թունավորումներից. Nature

Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ բջջանյութի օգտագործումն օգնում է պահպանել աղիների օգտակար մանրէները, որոնք ոչնչացնում են օրգանիզմում վարակված սննդի միջոցով հայտնվող պաթոգենները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology ամսագրում։

Գիտնականները նման եզրահանգման են եկել 45 երկրներից 12 հազար կամավորների միկրոբիոմը՝ մարդու մարսողական համակարգի միկրոսկոպիկ օրգանիզմների էկոհամակարգն ուսումնասիրելուց հետո: Հետազոտողները պարզել են, որ Faecalibacterium մանրէները առանցքային դեր են խաղում Enterobacteriaceae խմբի պաթոգենների, այդ թվում՝ Shigella-ի եւ E. coli-ի՝ թունավորման հիմնական հարուցիչների ոչնչացման գործում:

Faecalibacterium-ները սնվում են բջջանյութով` առողջ բուսական մանրաթելերով, եւ այն վերածում կարճ շղթայով ճարպաթթուների, որոնք օգնում են պաշտպանել մարմինը վնասակար մանրէների վարակից:

Սննդային թունավորումն առավել հաճախ առաջանում է աղտոտված մրգերի, բանջարեղենի կամ լավ չեփած միս ուտելու պատճառով: Չնայած դեպքերի մեծ մասը թեթեւ է՝ Enterobacteriaceae ընտանիքի որոշ անդամներ կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ, ինչպիսին են թոքաբորբը եւ մենինգիտը: Բացի այդ, այս պաթոգեններից շատերը ձեռք են բերում հակաբիոտիկների նկատմամբ կայունություն, ինչը դրանք հատկապես վտանգավոր է դարձնում:

Հետազոտողները նաեւ հիշեցրել են, որ բջջանյութը պարունակվում է մրգերի, բանջարեղենի, հատիկաընդեղենի, ընկույզի եւ հացահատիկի մեջ: Այն ոչ միայն ուժեղացնում է աղիների պաշտպանությունը պաթոգեններից, այլեւ օգնում է բարելավել մարսողական համակարգի աշխատանքը:

Comments (0)
Add Comment