Ուելսի արքայազնը սոցիալական ցանցերում իր կնոջ՝ Ուելսի արքայադուստր Քեթրինի ծննդյան 43-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել:
«Ամենաանհավանական կնոջն ու մորը. Անցած տարվա ընթացքում քո ցույց տված ուժը զարմանալի էր: Ջորջը, Շառլոտան, Լուիսը և ես այնքան հպարտ ենք քեզնով: Ծնունդդ շնորհավոր, Քեթրին: Մենք սիրում ենք քեզ»։
Գրառմանը կից նա տեղադրել է Ուելսի արքայադստեր՝ նախկինում չհրապարակված սև ու սպիտակ դիմանկարը, որն արվել էր անցյալ ամառ Վինձորում լուսանկարիչ Մեթ Պորտեյուսի կողմից:
Անցյալ տարի Քեթրինը բուժվեց քաղցկեղից և որոշ ժամանակով դուրս էր մնացել հանրության աչքից: Սեպտեմբերին նա հայտարարեց, որ ավարտել է քիմիաթերապիան, սակայն զգուշացրեց, որ վերականգնման ճանապարհը դեռ երկար է։
Հոկտեմբերին նա առաջին անգամ հայտնվեց հանրությանը ապաքինվելուց հետո՝ հանդիպելու Անգլիայի հյուսիս-արևմտյան Սաութպորտ քաղաքում սպանված երեք երեխաների ընտանիքներին:
Ուելսի արքայազնն ու արքայադուստրը ավանդույթ են դարձրել լուսանկարներ հրապարակել ընտանեկան նշանակալից առիթների ժամանակ, ինչպիսիք են ծննդյան տարեդարձերը, հայրերի օրը, մայրերի օրը և հարսանիքի տարեդարձերը:
Հունիսին ընտանիքը նշել է Ուիլյամի 42-ամյակը՝ հրապարակելով զվարճալի լուսանկար, որտեղ նա ցատկում է ավազաթմբից՝ իր երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտայի և արքայազն Լուիի ձեռքերը բռնած: