Բլոգեր Նատալի Տոնոյանի անունով սոցիալական ցանցերում կեղծ էջեր են բացվել, որոնցով գրում են տարբեր օգտատերերի եւ գումարի դիմաց խոստանում ուղարկել, իբրեւ թե, բլոգերի մերկ լուսանկարներն ու նրա մասնակցությամբ 18+ տեսանյութեր։ Բլոգերը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ բացարձակ կապ չունի այդ էջերի հետ եւ իր մասնակցությամբ նման կոնտենտ գոյություն չունի: Նրա խոսքով՝ սկզբում որպես Նատալի Տոնոյան ներկայացող կեղծ օգտատերերը իր «մերկ լուսանկարները» վաճառել են 40 հազար դրամով, այժմ գումարը հասել է 60 հազարի։
«Դեպքերից մեկը ընկերներիցս մեկի ծանոթի հետ էր գրանցվել եւ նրանք կանխել են դա՝ նշելով, որ դա խաբեություն է, եւ որ ես կապ չունեմ այդ լուսանկարների հետ։ Որոշ ժամանակ անց դադարել էին նմանօրինակ գործողությունները, բայց վերջերս կրկին իմ ինստագրամյան էջին նամակներ են գրում՝ ուղարկելով տարբեր կեղծ էջեր ու հարցնելով արդյոք դա ես եմ։ Թեման պիկին հասավ, երբ ոչ միայն Facebook-ով, այլեւ «Արդար դատավոր» անունով տելեգրամյան ալիքով սկսեցին տարածել նման ֆեյք տեսանյութեր, եւ ինձ սկսեցին շանտաժի ենթարկել, որ եթե չեմ ուզում տարածեն այդ նյութերը, պետք է գումար վճարեմ։ Ես նման լուսանկարներ, նույնիսկ իմ ընկերոջը չեմ ուղարկում, այդ պատճառով չեմ տրվել այդ սպառնալիքներին։ Ինչ վերաբերում է տեսանյութին, ինձ ճանաչողները միանգամից կհասկանան, որ դա ես չեմ»,-պատմում է բլոգերը՝ նշելով, որ տեսանյութը փակ վիճակում են ուղարկում եւ առաջարկում գումար վճարել այն բացելու համար։
Նատալին նման նամակներ ստացող օգտատերերին հորդորում է չհավտալ այդ կեղծիքին եւ չտրվել սադրանքներին, իսկ նման իրավիճակում հայտնված մյուս աղջիկներին կոչ է անում բարձրաձայնել թեմայի շուրջ, որպեսզի հետագայում կանխվեն նմանօրինակ գործողությունները։ Բլոգերը, սակայն, նշում է, որ իրավական մարմինների չի դիմել։
«Ես կարծում եմ, որ պետական մակարդակով այսպիսի դեպքերը պահում են։ Եթե բլոգերների սթորիները նայում են, որ տեսնեն՝ հարկ վճարե՞լ են գովազդի համար, թե ոչ, հետեւաբար, սոցիալական ցանցերում շատ ուշադիր են, ուրեմն սա եւս պետք է նրանց աչքից վրիպած չլիներ, երբ մարդկանցից մեկ կեղծ լուսանկարի կամ տեսանյութի դիմաց 60 հազար դրամ են կորզում։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել՝ այդ տեսանյութերում ես չեմ, եւ հորդորում եմ, որ մյուս հայտնիներն էլ, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, չլռեն ու տեղեկացնեն այդ մասին»։