Գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է երկու էկզոմոլորակ, որոնք պտտվում են HD 101581 աստղի շուրջ, որը գտնվում է մեզանից 41,7 լուսային տարով հեռու։ Այդ մոլորակներն ունեն երկրայինին մոտ չափեր, սակայն նկատելիորեն տարբերվում են զանգվածով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտական նյութերի arXiv հարթակում։
Ի՞նչ է հայտնի նոր էկզոմոլորակների մասին
HD 101581 b մոլորակի շառավիղը կազմում է Երկրի շառավղի մոտ 95 տոկոսը, սակայն նրա զանգվածը 3,6 անգամ ավելի մեծ է։ Երկրորդ էկզոմոլորակը՝ HD 101581 c-ն, իր չափերով գրեթե նույնն է Երկրի հետ (Երկրի շառավղի 99 տոկոսը), սակայն նրա զանգվածը մեր մոլորակի զանգվածից 4,2 անգամ ավելի մեծ է։
Չնայած իրենց նման չափերին՝ երկու մոլորակներն էլ կյանքի համար պիտանի չեն։ Աստղին մոտ լինելու պատճառով նրանց մակերեսների ջերմաստիճանը տատանվում է 473°C-ից մինչեւ 560°C-ի սահմաններում։ Նման ծայրահեղ պայմանները բացառում են հեղուկ ջրի գոյությունը եւ այս աշխարհները դարձնում են անհյուրընկալ կյանքի հայտնի ձեւերի համար:
Երրորդ մոլորակի հնարավոր հայտնագործությունը
Գիտնականները նաեւ գրանցել են ազդանշան, որը կարող է վկայել HD 101581 համակարգում երրորդ մոլորակի առկայության մասին: Սակայն այս բացահայտումը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա դիտարկումներ:
Բացահայտումը հնարավոր է դարձել NASA Exoplanet Survey Satellite-ի (TESS) շնորհիվ, որը նախատեսված է էկզոմոլորակներ որոնելու համար: Այս գործիքը թույլ է տալիս գիտնականներին ուսումնասիրել մոտակա աստղային համակարգերը եւ բացահայտել ուսումնասիրության համար պոտենցիալ հետաքրքիր աշխարհները: