Նոր երգեր, ձայնագրություններ, տեսահոլովակներ, համերգներ ու շրջագայություններ․ 2024-ը Nemra-ի համար բավական արդյունավետ է ընթացել, բայց Վան Նեմրան տարվա ամենակարեւոր ձեռքբերումը, թերեւս, համարում է աշխարհահռչակ Սերժ Թանկյանի հետ սպասված դուետը։ Երաժիշտ-երգահանը Թանկյանին դիմել էր համագործակցության առաջարկով, որը System Of a Down-ի լեգենդար վոկալիստն ընդունել էր մեծ սիրով ու պատրաստակամությամբ։
I’m Afraid of Stars երգի թողարկումից հետո խումբը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, իսկ հայկական ռոք խմբի մասին ավելի շատ սկսեցին խոսել նաեւ դրսում։
Վանի համար աննկարագրելի էր նաեւ այն պահը, երբ ինքը հետեւում էր, թե ինչպես է տարիներ շարունակ իր համար լավագույն արտիստներից մեկը համարվող Թանկյանը կատարում իր իսկ հեղինակած երգը․․․
Վանը ստեղծագործում է շատ վաղուց։ Նա հանդիսանում է ոչ միայն Nemra-ի վոկալիստն ու կիթառահարը, այլեւ երգերի մեծ մասի հեղինակը։ Գրել սկսել է 17 տարեկանից։ Առաջին ստեղծագործությունը խմբի ամենասիրված երգերից է՝ I Don’t Care-ը, որը նեմրացիներին հասանելի է դարձել արդեն վերամշակված տարբերակով։
Երգիչը չի սիրում հանրայնորեն կիսվել իր անձնական կյանքի մասին, բայց դա անում է երգերի միջոցով։ Առավել ուշադիր երկրպագուները նրա հոգեվիճակը կարող են հասկանալ խմբի ամեն մի նոր երգի հետ՝ իհարկե այնքանով, որքան ինքն է ներկայացնում։
Վանը խոստովանում է՝ Nemra-ի անդամների միջեւ որքան էլ ամուր են բարեկամական ու ընկերական կապերը, այնքան էլ շատ են տարբերությունները, որոնք երբեմն տարրաձայնությունների պատճառ են հանդիսանում, սակայն անդառնալի կոնֆլիկտի դա երբեք չի վերածվում։
NEWS.am STYLE-ի հյուրը Վան Նեմրան է, որը մեզ հետ տեսազրույցի ընթացքում կիսվել է նաեւ 2018-ին «Դեպի Եվրատեսիլ»-ին Nemra-ի մասնակցության, այս տարի հայաստանյան ընտրությանը չմասնակցելու որոշման, հայկական շոուբիզնեսի «կեղծ» կողմերի ու խմբի առաջիկա ծրագրերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։