Պաստորի ինստիտուտին կից վիբրիոնների եւ խոլերայի Ազգային ռեֆերենտային կենտրոնի գիտնականները հայտնաբերել են խոլերայի շտամ, որը դեղերի հանդեպ բարձր կայունություն ունի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine (NEJM) ամսագրում։
Vibrio cholerae մանրէի շտամը, որը կայուն է տասնյակ հակաբիոտիկների հանդեպ, շարունակում է տարածվել աշխարհում՝ ավելի մեծ տագնապ առաջացնելով գիտնականների շրջանում։ Այդ վտանգավոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Եմենում 2018-19թթ. խոլերայի բռնկման ժամանակ։ Մանրէների գենոմների սեքվենավորման մեթոդը թույլ է տվել հետազոտողներին ճշգրիտ հետեւել նրա ուղուն եւ տարածմանը երկրների միջեւ։
Եմենից հետո շտամը հայտնաբերվել է Լիբանանում 2022թ., իսկ 2023թ.՝ Քենիայում։ 2024թ. այն հասել է Տանզանիա, Կոմորյան կղզիներ եւ Մայոտա՝ ֆրանսիական դեպարտամենտ Հնդկականն օվկիանոսում։ 2024թ. մարտ-հուլիսին Մայոտա կղզում գրանցվել է խոլերայի 221 դեպք՝ պայմանավորված այդ շտամով։
Առանձնակի մտահոգիչ է այդ շտամի կայունությունը ազիտրոմիցինի եւ ցիպրոֆլոկսացինի հանդեպ, երկու կարեւոր հակաբիոտիկներ, որոնք կիրառվում են խոլերայի բուժման համար։ Եթե այն նաեւ կայունություն ձեռք բերի տետրացիկլինի հանդեպ, դա կարող է զգալիորեն սահմանափակել հնարավորությունները հիվանդության արդյունավետ թերապիայի համար։
Փորձագետները ընդգծում են խոլերայի հարուցիչների ուժեղացված գլոբալ մոինիթորինգի կարեւորությունը ժամանակին հակաբիոտիկների հանդեպ դրանց կայունությունը հայտնաբերելու համար, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել սպառնալիքներին եւ կանխել մասշտաբային համաճարակները։