Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն առաջին անգամ մեկնաբանել է վերջին շաբաթների հրապարակումները, թե Շվեդիայում իրեն կասկածում են բռնաբարության մեջ։
«Ինձ չեն անհանգստացնում այդ խոսակցությունները։ Ես զարմացած էի։ Միշտ եմ զարմանում այդպիսի լուրերից։ Չես սպասում, որ այդպիսի բաներ կարող են լինել։ Ես դատարանից ոչ մի ծանուցում չեմ ստացել։ Կարդում եմ այն ամենը, ինչ բոլորն են կարդում։ Շվեդիայի իրավապահները ոչինչ չեն հայտարարել։
Ես չեմ նյարդայնանում, քանի որ այդ ամենը հիմարություն է։ Աղմուկը շատ է, բայց ես միշտ մտածում եմ ֆուտբոլի վրա կենտրոնանալու մասին։ Տեսնենք, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը։ Եթե կանչեն դատարան, ես կգնամ։
Ես ունեի 5 հանգստյան օր եւ որոշեցի հանգստանալ։ Անչելոտին խորհուրդ տվեց քիչ հրապարակային տեղ գնալ։ Ամեն ինչ լավ էր, ես հանգիստ էի։ Հայտնվեց այն լուսանկարը, երբ դուրս եմ գալիս ռեստորանից։ Շատ մարդիկ եւ լրագրողներ կային։ Նրանք ցանկանում էին ինձ տեսնել»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
Հոկտեմբերի միջազգային դադարի ժամանակ Մբապեն մեկնել էր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ։ Ֆրանսիական Le Parisien-ը գրել էր, որ Մբապեն Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում ծանոթացել է մի կնոջ հետ եւ փոխադարձ համաձայնությամբ գիշեր անցկացրել նրա հետ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ստոկհոլմում նույն օրերին մի կին դիմել էր ոստիկանություն եւ Մբապեին մեղադրել իրեն բռնաբարելու մեջ։
Պաշտոնական հաղորդագրություն չի եղել, որ Մբապեն կասկածյալների ցուցակում է։
Մբապեին Շվեդիայի օրենքներով սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի բռնաբարության մեջ։