ArmenՅԱՆs. Նիդերլանդներում բնակվող երաժիշտ Արան՝ Հայոց ցեղասպանությունից փրկված պապի, իր երգերում ցավը վերապատմելու, արմատներից ոգեշնչման մասին

Նիդերլանդներում բնակվող երգիչ, երգահան եւ կիթառահար Արան (Արա Աբրահամյան) վերջերս թողարկեց միանգամից երկու ստեղծագործություն, որոնք ոգեշնչված են իր հայկական արմատներից ու նախնիների պատմությունից։ Թեեւ ծնվել ու մեծացել է հայրենիքից հեռու, Արան բազմիցս լսել է նախնիների ողբերգության մասին, որոնք ստիպված են եղել փախչել հայրենիքից՝ Հայոց ցեղասպանության պատճառով։ Այդ ցավը նա վերապատմել է իր Ruins երգի մեջ, որտեղ բառերը միաձուլել է դուդուկի կախարդական հնչյունների հետ։ Երաժիշտն օրերս է ավարտել իր համերգային շրջագայությունը Նիդերլանդներում, որոնց ընթացքում, ի թիվս իր մյուս հեղինակային ստեղծագործությունների, շարունակել է երգի լեզվով պատմել Հայաստանի մասին։ NEWS.am STYLE-ն «ArmenՅԱՆs» խորագրում ներկայացնում է Արայի պատմությունը՝ հայրենիքից հեռու հայտնվելուց մինչեւ արմատների «կանչը»։

Արա, արտերկրում բնակվող հայերը, սովորաբար, երկրից հեռու լինելու իրենց պատմությունն ունեն։ Ինչպե՞ս քո ընտանիքի պատմությունը սկսվեց։

Մայրիկիս կողմը Մարտունուց է, իսկ հորս կողմը ծագումով Սասունից է։ Նրանք ստիպված էին փախչել Սիրիա` Հայոց ցեղասպանության պատճառով։ Այդպես, 6 տարեկանում պապս՝ որբացած հայտնվեց Սիրիայում, եւ ամենահամեստ պայմանաններով կարողացավ աստիճանաբար լավ կյանք ստեղծել իր եւ իր ընտանիքի համար։ 

Ծնողներս հանդիպել են Հայաստանում, բայց հետագայում իրենք էլ են ստիպված եղել լքել երկիրը Արցախյան պատերազմի պատճառով։ Այդպիսով, ես եւ փոքր եղբայրս մեծացանք Նիդերլանդներում։ 

Կպատմե՞ս քո մանկության մասին։ Ինչպիսի՞ երեխա էիր։ Ի՞նչ էիր երազում դառնալ․․․

Կարծում եմ՝ միշտ ցանկացել եմ արտիստ դառնալ։ Բավական ամաչկոտ երեխա եմ եղել եւ շատ ժամանակ էի անցկացնում գրքերի եւ ֆիլմերի մեջ «սուզվելով», երաժշտության մասին երազելով։ Բացի արվեստից՝ վաղ տարիքից հետաքրքրվում էի օրենքով եւ փիլիսոփայությամբ։ Ես միշտ տարված եմ եղել արդարությամբ եւ սիրել եմ բանավիճել մարդկանց հետ, այդպիսով իսկական «սպառնալիք էի» ինձ շրջապատող մարդկանց համար: Ես մեծ ոգեշնչում եւ ուժ եմ վերցնում այն ​​մանկությունից, որն ինձ տրվել է՝ անկախ ամեն ինչից:

Իսկ հե՞շտ ես կարողացել օտարության մեջ պահպանել հայոց լեզուն, մշակույթը․․․

Մեզ համար հեշտ էր, քանի որ մեր մայրը մեզ այդ ամենը սովորեցնում էր եւ ամեն ինչ անում էր, որ մենք պարտադիր հայերեն սովորեինք։ Այդպես, դպրոցից հետո մենք, ասես, «հայկական դպրոց» էինք գալիս, որտեղից չէինք կարող փախչել (ծիծաղում է)։ Մայրիկիս կողմից մի քանի «ուսուցիչ» ունեի․ ամեն տարի պապիկս էր մեզ այցելում՝ իր հետ բերելով «թարմ-թարմ» հայկական դասագրքեր։ Չնայած փոքր տարիքում դա հաճախ տանջանքի էր նման, հիմա թե ես, թե եղբայրս, անչափ շնորհակալ ենք դրա համար, ինչպես նաեւ ասմունքի ու պոեզիայի համար, որն այնքան հատուկ է հայոց լեզվին։

Հաճա՞խ ես լինում Հայաստանում։

Ես եւ եղբայրս փորձում ենք այցելել, երբ կարողանում ենք կարգավորել մեր գործերը։ Մենք, սովորաբար, մնում էինք մեր պապիկի տանը՝ Մարտունիում, եւ որոշ ժամանակ անցկացնում Երեւանում՝ մեր հորաքրոջ հետ։ Մոտ 3 տարի առաջ ես լուրջ վնասվածք ստացա, որը խիստ բուժում էր պահանջում, որպեսզի կարողանայի կրկին քայլել։ Ես այդ ժամանակի մեծ մասն անցկացրի Հայաստանում, ինչն ինձ համար վերականգնման հրաշալի փորձառություն էր։ 

Նկատե՞լ ես, բնավորությանդ մեջ կա՞ն տիպիկ հայկական գծեր։

Այո, կարծում եմ՝ կան։ Դրանցից է, միանշանակ, ընտանեկան արժեքների կարեւորությունը, եւ ես փորձում եմ վերցնել այն ջերմությունն ու հոգատարությունը, որը տեսնում եմ շատ հայերի մոտ։ Նաեւ հպարտության մեծ զգացումը եւ ուրիշներին օգնելու ձգտումը, բայց ինքս չեմ ցանկանում որեւէ օգնություն ընդունել։ Երբ սկսեցի երաժշտությամբ զբաղվել, փորձում էի ամեն բան ինքնուրույն սովորել ու անել, որպեսզի անկախ մնայի, ինչի պատճառով իմ ճանապարհորդությունն ավելի երկար տեւեց։ Այս տարի սովորեցի ընդունել ու գնահատել անկեղծ աջակցությունը, եւ այնքան շնորհակալ եմ բոլոր հրաշալի մարդկանց, ովքեր հիմա ինձ հետ ընդգրկված են այս գործընթացի մեջ։ 

Ինչպե՞ս առաջին անգամ ծանոթացար կիթառին։ 



Երբ փոքր էի, հայրս նվիրեց ինձ մի կլասիկ կիթառ, եւ առաջին բանը, որ նվագեցի, կիթառի հետ դրված գրքից մի դասական էտյուդ էր։ Ես որոշ դասեր վերցրի, մայրս եւս ինձ հետ պարապում էր, նա դաշնակահարուհի էր, իսկ մոտ 12 տարեկանում ես բացահայտեցի ռոք երաժշտությունը, եւ այդ պահից սկսած կիթառի հանդեպ իմ կիրքը ավելի մեծացավ։

Դու նաեւ երգեր ես գրում։ Ինչպե՞ս սկսեցիր ստեղծագործել։

Երբ դեռահաս էի, ստեղծագործությունները, պարզապես, սկսեցին հորդել ինձանից։ Սկզբում ես հիմնականում ինստրումենտալ երաժշտություն էի գրում, երազում էի դառնալ ֆիլմի կոմպոզիտոր։ Դպրոցից հետո ուղիղ տուն էի գնում, փակվում էի փոքրիկ սենյակում եւ ժամեր էի անցկացնում այնտեղ՝ փորձելով ստեղծել երաժշտություն։ Եթե ճիշտ եմ հիշում, երաժշտությունը հիմնականում լավն էր լինում, իսկ բառերը ինձ չէին գոհացնում։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, մի ամառ եղբայրս պատահաբար ջնջեց այն սկավառակը, որը պարունակում էր այդ բոլոր հին երգերն ու գաղափարկները։ 

Ովքե՞ր են քեզ ոգեշնչել եւ ոգեշնչում երաժշտության մեջ։

Ես միշտ խորասուզվել եմ կիթառային երաժշտության մեջ եւ ոգեշնչվել էմոցիոնալ արտիստներից, որոնցից են Բոն Այվերը, Դերմոնթ Քենեդին եւ Hozier-ը։ Ինձ միշտ գրավել է ժամանակ չճանաչող ու ջերմություն ունեցող երաժշտությունը։ Ես լսում եմ արտիստների, ովքեր նրբորեն համադրում են հայկական եւ արեւելյան երաժշտությունը այլ ժանրերի հետ։ Նրանց թվում են՝ Տիգրան Համասյանը, Arooj Aftab-ը եւ Tamino-ն։ Ես նաեւ ոգեշնչվում եմ այն արտիստներից, ովքեր իրենց արվեստն օգտագործում են սոցիալական խնդիրների մասին խոսելու համար՝ բարձրաձայնելով դրանց մասին, ինչպես, օրինակ, System of a Down-ը, Sam Fender-ը եւ Aurora-ն, նաեւ կնշեմ Enya-ին, նրա երաժշտությունն ինձ համար կախարդական է՝ հյուսված իմ ամենավաղ հիշողությունների մեջ։

Ինքդ էլ հայկական երաժշտությունը միախառնում ես քո ստեղծագործություններում․․․

Սկսել եմ ավելի ու ավելի սուզվել ազգային երաժշտության ու դուդուկի մեջ։ Սիրում եմ Ջիվան Գասպարյանի աշխատանքները եւ Կոմիտասի ստեղծագործությունների կատարումները։ Տիգրան Համասյանի կողմից «Հոյ Նազանի» վերամշակումը իմ ամենասիրելի գործերից է։ Իմ Ruins երգը եւս պարունակում է դուդուկի նվագակցություն եւ հայկական էլեմենտներ։ Ես, կարծես, վերջապես գտա այն հնչյունները, որոնք փնտրում էի, դրանք, ուղղակի, եկան ինձ մոտ։  Դուդուկի օգտագործումը հաստատ հենարան է ծառայում, դրա ջերմությունն ու մելանխոլիան հրաշալիորեն փոխանցում են իմ երաժշտության ոգին։ Իմ ընկերներից մեկն այն բնորոշեց, որպես «հնագույն կարոտ առ հայրենիք»։ 

Վերջերս թողարկեցիր Ruins-ը։ Ի՞նչ է ընկած այդ երգի հիմքում։

Ruins-ը սկսել եմ գրել 2020 թ-ի աշնանը՝ Արցախի վրա հարձակման շրջանում, եւ երգի զարգացման հետ ես խորացա նաեւ իմ ընտանիքի պատմության մեջ, հատկապես նրանց, ովքեր փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, եւ նրանց, ովքեր տուժել են Սիրիայում ընթացիկ կոնֆլիկտների պատճառով։ Ես երգն ավարտեցի, երբ գտնվում էի Ջոշուա Թրի անապատում, որտեղ երկար ժամանակ եմ անցկացրել՝ փորձելով ստեղծել այն երաժշտությունը, որը ցանկանում էի պատմել աշխարհին։ Այս երգի մեջ դրել եմ թե ցավ, թե բարկություն։ Ես շատ եմ մտածել մարդկային ոգու տոկունության մասին, թե որքան կարող է հասարակությունը դիմանալ՝ պահպանելով հավատքն ու հույսը: Դուդուկն ու հայերեն տեքստը բնական կերպով հոսեցին երգը գրելու ընթացքում։ Ես ի սկզբանե այս երգը ստեղծել էի ինձ համար, բայց որոշեցի կիսվել՝ տեսնելով, թե ինչպես է այն սկսել վերաբերել նաեւ այլ մարդկանց:

Դրանից առաջ թողարկեցիր նաեւ Meadows երգը։ Այն եւս ոգեշնչված է Հայաստանից։ 

Այո, երգը գրել եմ Մարտունիում՝ մայրիկիս հին տան մոտ՝ մարգագետիններում նստած։ Երգը, պարզապես, գտավ ինձ այնտեղ անցկացրած ժամանակից հետո․ այն նկարագրում է այն ամենը, ինչ ես կզգայի, եթե այնտեղ մեծանայի: Պապիկիս հետ կմնայի մայրիկիս հին տանը, պահմտոցի կխաղայի քաղաքի երեխաների հետ, խորոված կանեի անտառներում եւ մարգագետիններում, կլողայի լճերում եւ, պարզապես, շրջապատված կլինեի շատ ջերմ հոգիներով՝ համայնքի ու ընտանիքի ավելի մեծ զգացում, որը մենք երբեք չենք ունեցել հեռվում մեծանալով: Այդ ամենը միավորվեց երգում, որում ես փորձեցի ընդգրկել քաղաքի հետ կապված մեր պատմությունները:

Մոտ ապագայում Հայաստան այցելելու ծրագրեր կա՞ն։

Իհարկե։ Ծրագրում եմ դա անել հաջորդ տարվա գարնանը: Կայցելեմ Մարտունի, որտեղ հանգչում են տատիկս, պապիկս եւ մայրս, եւ որոշ ժամանակ կանցկացնեմ մորաքրոջս հետ՝ Երեւանում։ Ես նաեւ անհամբեր սպասում եմ հանդիպել եւ համագործակցել տարբեր հայ երաժիշտների հետ, երբ լինեմ այդտեղ: Նաեւ դուդուկ սովորելու հստակ հավակնություններ ունեմ:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Արան

Comments (0)
Add Comment