Bitcoin կրիպտոարժույթի գինն առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 100 հազար դոլարը։ Բիթքոինի գինը բարձրանում է այն ակնկալիքով, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում կրիպտոարժույթի համար նպաստավոր քաղաքականություն կվարի։
Բիթքոինը նոր ռեկորդ է սահմանել այն բանից մի քանի ժամ անց, երբ Դոնալդ Թրամփը հայտնել է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) ապագա ղեկավարի՝ նրա ներկայիս անդամ Փոլ Աթքինսի անունը։
Ընդունված է կարծել, որ Աթքինսը անհամեմատ ավելի «բարյացակամ» է կրիպտոարժույթների հանդեպ, քան SEC-ի ներկայիս ղեկավար Հերի Հենսլերը։
Դոնալդ Թրամփի հաղթանակը ընտրություններում խթան հանդիսացավ կրիպտոարժույթների շուկայի համար, որի ծավալը մասնագետներն այժմ գնահատում են 3,3 տրլն դոլար։
Թրամփը խոստացել է ԱՄՆ-ը դարձնել «կրիպտայի համաշխարհային մայրաքաղաք», մինչդեռ ընդամենը երեք տարի առաջ նա բիթքոինը խարդախություն էր անվանում։
Թրամփի հռետորաբանության այս փոփոխությունը հանգեցրել է այն բանին, որ նախագահական ընտրություններից մեկ ամիս հետո բիթքոինի գինը բարձրացել է 40 տոկոսով, իսկ 2024թ, սկզբից՝ ավելի քան կրկնակի։
Բիթքոինի փոխարժեքը իր գոյության 16 տարվա ընթացքում հսկայական վերելքներ եւ անկումներ է ունեցել, եւ նրա երկրպագուները տոնել են յուրաքանչյուր նոր նշանային բարձունքի հաղթահարումը։ Բայց այս նիշին նրանք առանձնակի անհամբերությամբ էին սպասում։
Արդեն մի քանի շաբաթ սոցցանցերով ակտիվորեն տարածվում էին գծապատկերներ, մեմեր եւ կանխատեսումներ, թե երբ գինը կհասնի 100 հազար դոլարի, իսկ երբ այն մոտեցավ այդ նիշին, միլիոնավոր օգտատերեր միացան տոնակատարությունների օնլայն-հեռարձակումներին բիթքոինի ռեկորդի առիթով։