Անգլիայում գողերը գողացել են ֆուրգոն, որի մեջ եղել է 2500 կարկանդակ՝ մոտ 25.000 ֆունտ ստեռլինգ (31.600 դոլար), հայտնում է CNN-ը։
Michelin-ի աստղերի արժանացած շեֆ-խոհարար Թոմի Բենքսն ասել է, որ կարկանդակները պետք է առաքվեին Յորքի Սուրբ Ծննդյան շուկա:
«Մեզ թալանել են»,- ասել է Բենքսը Instagram-ում հրապարակված տեսանյութում։ «Ինչ-որ տեղ այնտեղ մեր ֆուրգոնն է և գրեթե մեկ տոննա կարկանդակներ, որոնց վրա իմ անունը կա»:
Շեֆ-խոհարարին է պատկանում Միշլեն աստղեր ունեցող «The Black Swan» փաբը Օլդսթեդում, ինչպես նաև սննդի այլ ձեռնարկություններ հյուսիսային Անգլիայում:
Այնուհետև նա ուղղակիորեն դիմել է գողերին և ասել. «Դուք ոչինչ չեք կարող անել այդ կարկանդակների հետ, քանի որ դրանց վրա իմ անունը կա»:
«Ես գիտեմ, որ դուք հանցագործ եք, բայց մի լավ բան արեք, որովհետև Սուրբ Ծնունդ է, և գուցե մենք կարողանանք մի քանի հազար մարդու կերակրել ձեր գողացած կարկանդակներով: Ճիշտ քայլ արեք»,- հավելել է Բենքսը:
«Բոլոր կարկանդակները դրված են տուփերում, որոնց վրա գրված է իմ անունը, ուստի դրանք այնքան էլ հեշտ չէ վաճառել: Եթե դուք եք գողը և կարդում եք սա, խորհուրդ եմ տալիս… կարկանդակները ինչ-որ տեղ տանել և թողնել: Այսկերպ մենք կարող ենք գոնե այն տալ մարդկանց, որոնք սննդի կարիք ունեն, և դրանք չեն կորչի», — ասել է նա:
Ավելի ուշ Բենքսը Instagram Stories-ում թարմացում է տեղադրել՝ հետևորդներին ասելով, որ ոստիկանությունը կարծում է, որ գտել է ֆուրգոնը: «Կարկանդակների վիճակը և դրանց գտնվելու վայրը դեռևս անհայտ է»,- հավելել է նա։