Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Արմենիա TV»-ի ամենամյա՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը։ Այս մեծամասշտաբ իրադարձությունը ամեն տարի մեկ բեմի վրա համախմբում է հայկական շոուբիզնեսի հայտնիներից շատերին, որոնք պարգեւատրվում են տարվա ընթացքում իրենց ամենահիթային դարձած երգերի համար։
Իհարկե, ցանկացած մրցանակաբաշխություն հետաքրքիր է նաեւ կուլիսային անցուդարձով (ինչը NEWS.am STYLE-ը շուտով կներկայացնի ռեպորտաժով) եւ շքեղ հանդերձներով։ Իսկ շքեղության պակաս այս տարի էլ չզգացվեց։
Շատերի սիրելի գույնն այս տարի կարմիրն էր, որով փայլեցին հայտնիներից ոմանք։ Համերգի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը բեմն ու դահլիճը «գրավեց» իր գերշքեղ կարմիր զգեստով, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքի առավելությունները։ Զգեստն աչքի էր ընկնում կողային հատվածի յուրահատուկ բացվածքով ու կորսետով, որը շեշտադրում էր դերասանուհու բարակ իրանը։ Զգեստի հեղինակը երիտասարդ դիզայներ Մերի Գրիգորյանն է։
Իվետան եւս կարմիրով էր։ Նրա փայլուն զգեստը միակողմանի թեւքով էր եւ ինչպես Նազենիի դեպքում՝ աչքի էր ընկնում կողային հատվածի բացվածքով։ Զգեստն ընդգծում էր բարձրահասակ երգչուհու գայթակղիչ կազմվածքն եւ սլացիկ ոտքերը։
Կարմիրն էր նախընտրել նաեւ Արփի Գաբրիելյանը։ Երգչուհու զգեստն առանձնանում էր ուսի հատվածում մեծ բանտով․ այն կարճ էր, բայց ուղեկցվում էր երկար շղարշով։
Իսկ, ահա, Սոնա Ռուբենյանը փայլում էր, բայց՝ սպիտակով։ Նրա անսամբլը բաղկացած էր քարիկներով զարդարված պիջակից եւ մինչեւ հատակը հասնող շրջազգեստից։ Զգեստի հեղինակը Մերի Ստեփանյանն է։
Սոֆի Մխեյանի զգեստը մշակութային տարրեր էր պարունակում։ Զգեստն ինքնի սեւ էր, սակայն կորսետի հատվածն այն վառ էր դարձնում ազգային պատկերազարդումով։ Զգեստի հեղինակը Մերի Գրիգորյանն է։
Սրանք, կերպարներից միայն մի քանիսն էին։ Աստղային բազմազանությանը կարող եք հետեւել դեկտեմբերի 31-ին՝ «Արմենիա TV»-ի եթերում։
Կադրերը՝ հայտնիների ինստագրամյան էջերից