Ռոբոտները գրավում են գործարանները. Հրվ․ Կորեայի աշխատուժի ավելի քան 10%-ն այժմ մեքենաներ են

Ռոբոտաշինության միջազգային ֆեդերացիան (IFR) հրապարակել է հետազոտություն, ըստ որի՝ վերջին յոթ տարվա ընթացքում ռոբոտների կիրառումը գործարաններում ավելի քան կրկնապատկվել է: Արտադրությունում ռոբոտների կիրառության առումով առաջատար երկրների ցանկը գլխավորում է Հարավային Կորեան, իսկ Չինաստանն այս ցուցանիշով 2023-ին առաջ է անցել Գերմանիայից և Ճապոնիայից։

Զեկույցում նշվում է, որ Հարավային Կորեան արդյունաբերական ռոբոտների ամենախոշոր օգտագործողն է (1012 ռոբոտ 10,000 աշխատակցի դիմաց) և այս ցուցանիշը 2018-ից վեր տարեկան աճել է 5%-ով։ Հաջորդը Սինգապուրն է, որտեղ 10,000 աշխատակցին բաժին է ընկնում 770 ռոբոտ: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 10,000 աշխատակցին բաժին ընկնող 470 ռոբոտով։

Ըստ IFR-ի ղեկավար Տակայուկի Իտոյի՝ ռոբոտների կիրառության խտությունը ցույց է տալիս համաշխարհային արտադրության ավտոմատացման չափը և այդ ցուցանիշը կարևոր հատկանիշ է, որը թույլ է տալիս համեմատել տարբեր երկրներում արտադրության ավտոմատացման մակարդակը։

«Ավտոմատացման տեխնոլոգիայի մեջ Չինաստանի հսկայական ներդրումները թույլ են տվել նրան հասնել ռոբոտների նման բարձր խտության՝ չնայած մոտ 37 միլիոն մարդուց բաղկացած հսկայական արտադրական աշխատուժին», — ասաց Իտոն:

Գերմանիան և Ճապոնիան՝ 439 և 419 ռոբոտներով 10,000 աշխատակցի հաշվով, IFR վարկանիշում զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը։ ԱՄՆ-ում 10,000 աշխատակցին բաժին է ընկնում 295 ռոբոտ, ինչը IFR-ի ցուցակում տասներորդն է։ Աշխարհում ռոբոտների միջին խտությունը 2023-ին հասել է 162-ի՝ ավելի քան կրկնակի, քան յոթ տարի առաջ, երբ 10,000 աշխատակցին բաժին էր ընկնում 74 ռոբոտ:

Comments (0)
Add Comment