Լիամ Փեյնի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, եւ ակնկալվում է, որ One Direction խմբի նրա 4 ընկերները հարգանքի տուրք կմատուցեն Home Counties-ում կայանալիք արարողությանը, հայտնում է Daily Mail-ը:
31-ամյա աստղը մահացել է մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, գլխի վնասվածքներից, որոնք ստացել էր Բուենոս Այրեսում հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո:
Նրա հայրը՝ Ջեֆը, որդու աճյունը վերադարձրել էր Բրիտանիա երկու շաբաթ առաջ՝ Արգենտինայի իշխանությունների կողմից նրա մահվան վերաբերյալ լայնածավալ հետազոտություններից հետո:
Փեյնը սեպտեմբերին մեկնել էր Արգենտինա իր մտերիմ ընկերոջ՝ Ռոխելիո «Ռոջեր» Նորեսի հետ՝ իր խմբի նախկին անդամ Նայլ Հորանի ելույթին:
Նրան այսօր կհուղարկավորեն մասնավոր արարողության ժամանակ՝ Home Counties-ում, որտեղ կմասնակցեն միայն նրա ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ ընկերները:
Ակնկալվում է, որ One Direction-ի նախկին անդամները՝ 30-ամյա Հարրի Սթայլսը, 31-ամյա Հորանը, 31-ամյա Զեյն Մալիկը եւ 32-ամյա Լուի Թոմլինսոնը եւս ներկա կլինեն նրա վերջին հրաժեշտին: