«Ես տեսնում էի` ինչպես էր հայրս պայքարում․ ամբողջ պատմությունը լավ էր պատկերված ու շատ հուզիչ էր». Նիկոլյա Ազնավուրը՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմի մասին

Ֆրանսահայ ձեռներեց եւ բարերար, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, հուզված էր՝ դիտելով իր հոր պատմությունը մեծ էկրանին նոր՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմում։ Նիկոլյան ներկա էր ֆիլմի փակ ցուցադրությանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Կինոմոսկվայում։ Նրա խոսքով, ֆիլմը հիանալի կերպով ներկայացնում է իր հորը, նրա ուղին եւ հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտները։  

«Ես շատ հուզվեցի, երբ տեսա ֆիլմը էկրանին։ Իմ կարծիքով այն ֆանտաստիկ հաջողված է: Այն, իսկապես, լավ է պատկերում հորս, նրա կյանքը, նրա նպատակները, ձգտումները: Նրանք ֆիքսել են իմ ընտանիքի պատմությունը՝ ընտանեկան բոլոր պատկերներով: Ֆիլմում ներկայացված էին անգամ այն ​​տեսանյութերը, որոնք հայրս նկարում էր, երբ ճանապարհորդում էր։ Նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարել: Սա մեծ սիրով ու նվիրումով արված գործ է»,- ասում է նա։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նիկոլյան դժվարացավ նշել, թե որն էր ֆիլմի ամենահուզիչ դրվագն իր համար, քանի որ, ըստ նրա, ամբողջ ժապավենն իրեն տպավորել է։

«Կոնկրետ այդպիսի հատված չկա. իսկապես, այն ամբողջությամբ հուզիչ էր: Ես տեսնում էի, թե ինչպես է հայրս պայքարում, եւ Պատրիկի հետ կապված պատմությունը, եւ մնացած ամեն ինչը լավագույնս արտացոլված էին ֆիլմում»:

«Մսյո Ազնավուր» ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը եւ Գրան Կոր Մալյարդը։ Այն ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի կյանքի մասին է, որին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» եւ «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահար Ռահիմը։

Ֆիլմը մեծ էկրաններին կլինի դեկտեմբերի 5-ից։

Comments (0)
Add Comment