Կինոմոսկվայում նոյեմբերի 14-ին հնդկական տրամադրություն էր: Կայացավ Հնդկական ֆիլմերի փառատոնի բացումը, որի շրջանակում Երեւանում կցուցադրվի բոլիվուդյան 6 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրն ունի կարեւոր ասելիք, եւ հնդկական մշակույթի խորհրդանշական մաս է կազմում: Փառատոնը կազմակերպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն «Հառա ՜ջ, Հնդկաստան», «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի եւ Բաբլի», «Պահեր» եւ «Պատհանը» ֆիլմերը: Բոլոր 6 նախագծերը «Յաշ Ռաջ ֆիլմզ» լեգենդար կինոընկերության արտադրանքն են:
«Հնդկական ֆիլմերը միշտ էլ շատ հայտնի են եղել Հայաստանում, այնպես որ այստեղ Հնդկական ֆիլմերի փառատոն կազմակերպելը մեզ համար եւ պատիվ է, եւ հաճույք, քանի որ մենք գիտենք, որ ֆիլմերը Հայաստանում շատ սիրված են: Այսպիսով, մենք ծրագրում ենք, պարբերաբար, հնդկական ֆիլերի փառատոններ կազմակերպել»,-NEWS.am STYLE-ի հետ զրուցում նշեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նա հավելեց, որ առաջիկա ծրագրերում լեգենդար հնդիկ դերասաններ Ռաջ Կապուրին եւ հանրահայտ Ջիմիին՝ Միթհուն Չակրաբորթիին նվիրված կինոփառատոնների կազմակերպումն է:
Երեւանում Հնդկական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Շահ Ռուխ Խանի գլխավոր դերակատարմամբ «Հառա ՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ: Դեսպանի խոսքով՝ ընտրությունը պատահական չէր. ֆիլմը ցույց է տալիս հնդիկ կանանց կամքի ուժն ու խորհրդանշում է սպորտում նրանց հաջողությունները:
Հնդկական ֆիլմերի փառատոնը տեւելու է մինչեւ նոյեմբերի 17-ը ներառյալ: Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունե Առաքելյան