Ո՞րն է մարդու կյանքի սահմանագիծը, իրականում որքա՞ն կարելի է այն երկարացնել, և ի՞նչ տեխնոլոգիաներ դրան կնպաստեն։ Իսկ ի՞նչ անել, երբ տարեցներն ավելի շատ են, քան երիտասարդները. ո՞վ է աշխատելու։ Ահավասիկ հարցեր, որոնք քննարկվել են «Ինչպե՞ս երկարակեցությունը կփոխի հասարակությունը: Ժողովրդագրական փոփոխությունների սոցիալական և մշակութային հետևանքները» նոյեմբերի 4-6-ը Մոսկվայում անցկացվող «Ստեղծելով ապագան» գիտաժողովի ընթացքում:
Կիրառական ֆուտուրիստ Դանիլա Մեդվեդևի համոզմամբ՝ կյանքի իրական երկարացման համար մեզ անհրաժեշտ է «ըմբռնման վրա հիմնված բժշկություն, որը ոչ միայն ձեզ հետ ինչ-որ բան է անում, որը լավ է վաճառվում, ինչպես օրինակ «Օզեմպիկի» հաբերը կամ ներարկումները, այլ անում է մի բան, որը ձեզ հաստատապես կօգնի»:
Իսկ դա, ըստ Մեդվեդևի, ենթադրում է ուղեղների առկայություն։ Մասնավորապես, նա կարծում է, որ հայտնի կենսահաքերներ Բրայան Ջոնսոնը և նրա որդին, ովքեր փորձարկումներ են անում արյան փոխներարկման ոլորտում, ավելի քիչ հնարավորություն ունեն «մինչև անմահություն ապրելու» համար, քան մոլախաղերով և ֆոնդային բորսայում հարստացած «սուպերխելացի» Էդվարդ Թորփը, որը մտածում է՝ ինչպես կարելի է հաղթել մահին՝ կանոնակարգված, ռազմավարական մտածողություն կիրառելով: Չնայած այն հանգամանքին, որ Բրայան Ջոնսոնը 47 տարեկան է, իսկ Թորփն արդեն 90-ն անց է։
«Կանոնակարգված ըմբռնումը պահանջում է, որ տեխնոլոգիայիներից անցում կատարվի դեպի առողջություն, հիվանդությունների բուժումից մինչև կյանքի երկարացում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բժշկական համալսարանները վերջապես ազնվորեն ասեն, որ մեր նպատակը կյանքը երկարացնելն է, իսկ դրա գործիքը՝ նախքան մարդու հիվանդանալը նրա օրգանիզմում միջամտություն անելն է։
Դասական փուլերում, թե ինչպես է փոխվում մարդու առողջությունը, գոյություն ունի կենտրոնական տարր՝ նախահիվանդություն կոչվող պահը:
Որոշ իրավիճակների դեպքում դա բժշկությունն արդեն ընդունել է. օրինակ՝ նախադիաբետիկ վիճակը: հարկ է հասկանալ, որ առողջությանը պետք է միջամտել՝ նախքան այն քայքայելը: Առողջական խնդիրների սկսվելուց առաջ: Դա նշանակում է, որ ամբողջ բժշկական համակարգը պետք է փոխվի»,-նշել է Դանիլա Մեդվեդևը։
Ֆուտուրոլոգը ենթադրում է, որ այժմ «անմահությունը կարելի է փողով գնել»: «Մենք պետք է շատ պարզ բան անենք՝ վերցնում ենք մահամերձին, վերցնում ենք առողջ երիտասարդին, մահամերձի գլուխը միացնում ենք երիտասարդի մարմնին, և խնդիրը լուծվում է։ Եթե, իհարկե, երիտասարդը կենսաբանորեն համատեղելի է»,-ասել է նա՝ հիշեցնելով նյարդավիրաբույժ Սերխիո Կանավերոյի գլխի փոխպատվաստման փորձերը։
«Դուք անում եք այս վիրահատությունը, և բոլորը շահում են. երիտասարդին հասանելի են դառնում ռեսուրսներին, գիտելիքներին, վարկանիշին, շփումներին, իսկ տարեցը ավյուն, ինչպես նաև ձեռք ու ոտք է ստանում: Հաշվի առնելով, թե ինչպես է այժմ զարգացած տեխնոլոգիան, ոչ ոք չի էլ նկատի, որ դա տեղի է ունեցել, քանի որ դուք կարող եք շփվել Zoom-ով, նույնիսկ եթե ձեր գլուխը փոխպատվաստվի մեկի մարմնին, ձեր ձայնը սինթեզվի, պատկերը շտկվի, և մարդը կարող է շարունակել ապրել և նորմալ աշխատել»,-եզրափակել է նա։
Կենսահերոնտոլոգ Ալեքսեյ Մոսկալյովն իր հերթին առաջարկել է մարդկանց առայժմ հանգիստ թողնել և փոխպատվաստել մկների գլուխները։ «Սկսենք մկներից, եթե ինչ-որ մեկը դա անի, դա կլինի Նոբելյան մրցանակ և առաջընթաց գիտության մեջ»,- նշել է նա։
Մոսկալյովը պատմել է իր ղեկավարած լաբորատորիայում պտղաճանճերի կյանքը երկարացնելու հաջող փորձերի մասին։ «Համատեղելով որոշակի գենետիկ փոփոխություններ, տարբեր ֆիզիկական և դեղաբանական ազդեցություններ՝ մենք հատել ենք տեսակների սահմանը։ Պտղաճանճերն ապրում են միջինը 60 օր, մեր լաբորատորիայի պտղաճանճերը՝ 213 օր, և սա բացարձակ ռեկորդ է ավելի քան 100 տարվա ընթացքում։ Այլ հարց է, որ այն ամենը, ինչ մենք արել ենք այս ամենապարզ կենդանիներ հետ, հնարավոր է փոխանցվել մարդկանց»,-նշել է նա:
Խնդիրն, ըստ գիտնականի, այն է, որ մարդն, ի տարբերություն պտղաճանճերի, երկարակյաց արարած է, և կյանքը երկարացնելու համար մեզ պետք են ոչ միայն փորձեր, այլ ծերացման կենսամարկերներ, այսինքն՝ չափելի ցուցիչներ, որոնք կարելի է չափել մի քանի տարիների ընթացքում և համոզվել, որ ծերացման գործընթացն իսկապես դանդաղել է:
«Կենսաբանական տարիքը գնահատելու համար մենք նման տեխնոլոգիաներ ենք մշակում։ Օրգանիզմի տարբեր ֆունկցիոնալ համակարգերը ծերանում են տարբեր տեմպերով, նման բազմաչափ տարածության մեջ անհրաժեշտ է երկար ժամանակ վերահսկել մարդուն, և այժմ, ըստ իս, մոտ ապագայում հնարավոր կլինի կանխարգելիչ բժշկությունից անցում կատարել երկարակեցության բժշկության։