Boston Dynamics-ի Atlas ռոբոտը սովորել է ինքնուրույն տեսակավորել մեքենայի մասերը

Boston Dynamics-ի Atlas մարդանման ռոբոտն ուշագրավ առաջընթաց է գրանցել իր հմտություններում։ Նախկինում ռոբոտն իրեն դրսևորում էր որպես լավ մարզիկ՝ անելով հրում վարժություններ: Այժմ Atlas-ն «աշխատում է» ավտոմոբիլային գործարանի պահեստում։ Ընկերության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը հմտորեն և արագ տեղափոխում շարժիչի մասերը և դասավորում տարբեր դարակներում: Ավելին, արտադրողը պնդում է, որ Atlas-ը գործում է լիովին ինքնավար, առանց «հեռակառավարվող շարժումների»։

Ըստ Boston Dynamics-ի, «ռոբոտն ի վիճակի է հայտնաբերել և արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին (օրինակ՝ շարժվող սարքերը) և գործառնական խափանումներին (օրինակ՝ կափարիչի սխալ տեղադրումը, սայթաքելը, շրջակա միջավայրում ինչ-որ առարկայի հետ բախումը)՝ օգտագործելով տեսողության, ուժի և պրոպրիոսեպտիկ (սեփական մարմնի մասերի դիրքի զգացումն է միմյանց նկատմամբ և տարածության մեջ) սենսորները։

Ի լրումն ինքնավար առաջադրանքների կատարման, տեսանյութում երևում են ռոբոտի հարմարվողական (և դիմացկուն) տպավորիչ շարժումներ, որոնք նրան թույլ են տալիս պտտվել իր գոտկատեղի շուրջը: Այս գործողությունը նվազագույնի է հասցնում ավելորդ շարժումները՝ խնայելով թանկարժեք ժամանակը:

Boston Dynamics-ի շեշտադրումը, որ ռոբոտը գործում է լիովին ինքնավար, ուղղված է մարդանման ռոբոտ արտադրող այլ ընկերություններին, որոնք փորձել են մոլորեցնել հանրությանը։ Օրինակ՝ Tesla-ի շնորհանդեսի ժամանակ Optimus ռոբոտներն իսկապես կառավարվում էին արհեստական ​​բանականության միջոցով, սակայն որոշ դեպքերում նրանց օգնության էին հասնում հեռավար գործող օպերատորները:

Ինչպես մրցակիցների դեպքում, ինչպիսիք են Figure-ը, Tesla-ն և Apptronik-ը, երկոտանի ռոբոտի առաջին գործնական կիրառումը եղել է ավտոմեքենաների գործարանում, ինչը զարմանալի չէ, քանի որ ավտոարդյունաբերությունը տասնամյակներ շարունակ եղել է գործարանների ավտոմատացման առաջատարը: Երկու շաբաթ առաջ Boston Dynamics-ը, որը պատկանում է Hyundai-ին, հայտարարեց Toyota հետազոտական ​​ինստիտուտի հետ համագործակցության մասին:

Comments (0)
Add Comment