Ամփոփվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը

Երևանում հոկտեմբերի 20-26-ն անիմացիոն շունչ էր տիրում։ Ոլորտի առաջատար մասնագետներ, լեգենդար ռեժիսորներ, 4-օրյա կրթական ծրագրեր, նոր հնարավորություններ, հաղթանակներ, և, իհարկե, ֆիլմաշատ երեկոներ․ արդեն 16-րդ անգամ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը Հայաստան բերեց անիմացիոն լավագույն փորձը՝ ևս մեկ վստահ քայլ անելով դեպի հայկական անիմացիոն արվեստի «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ 

Հոկտեմբերի 26-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «ՌեԱ» 16-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և կրկին մեկ հարկի տակ միավորեց անիմացիոն ոլորտի սիրահարներին, լավագույն մասնագետներին, կինոգործիչներին, երիտասարդ ստեղծագործողներին և ֆիլմասերներին։ Երեկոն լի էր անակնկալներով, քանի որ 6-օրյա բուռն աշխատանքներից հետո հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները։ 

Միջոցառմանը հնչեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցեց նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Հայաստանում անցկացվող կինոփառատոնները դարձել են մեր մշակութային կյանքի կարևոր և անբաժանելի մասը։ Այսօր բոլորիս միավորել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրավամբ կարելի է համարել տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձությունը։ Իր ստեղծման օրվանից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել Հայաստանում անիմացիոն կինոարվեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիան ներկայանալի դարձնելու նպատակով»,- հնչել է նախարարի ուղերձում:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․ 

«ԵՄ հայաստանյան պատվիրակությունն ուրախ էր Փառատոնի աջակիցներից մեկը լինել՝ օգնելով ապահովել ԵՄ անդամ երկրներից տարբեր փորձագետների ներկայությունը, ինչպես նաև աջակցել Փառատոնի շրջանակում իրականացվող տարբեր միջոցառումներին։ Տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումները խթանում են մարդկանց միջև  կապերն ու փորձի փոխանակումը։ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները մշակութային ոլորտում զգալիորեն աճել են։ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի մշակութային հատվածին աջակցելու իր հանձնառությանը՝ խթանելով երկխոսությունը, համագործակցությունը և նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի տաղանդների և ստեղծարարության զարգացմանը»- նշում է Վասիլիս Մարագոսը։ 

«ՌեԱ» փառատոնն այս տարի էլ ավելի բազմաբնույթ ծրագրերով էր հագեցած։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 250-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում էին այնպիսիք, ինչպիսիք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոններում, և Հայաստան էին եկել 30-ից ավելի մասնագետներ՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքներով և գնահատելու հայ անիմատորների և երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։ 

«Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այն ուղղությամբ, որ անիմացիոն ֆիլմերն  այսքան պահանջված դառնան։ Այս տարի մենք ունեցանք այն պատկերը, երբ մարդիկ հերթ էին կանգնում և պայքարում ֆիլմերը դիտելու համար։ Սա մեր բոլորի հաջողությունն է, քանի որ մենք շարունակում ենք ապացուցել, որ անիմացիոն ոլորտը Հայաստանում իրապես զարգացում է ապրում։ Իսկ մենք հպարտորեն և պատվով շարունակում ենք մեր նախնիների՝ Լև Ատամանովի, Վալենտին Պոդմոգովոի, Ռոբ Սահակյանցի և մյուս բոլոր մեծերի արժեքավոր և մնայուն գործը»-նշում է Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։ 

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Փառատոնի շրջանակում իրականացվեց նաև ReA Comics Art ծրագիրը։ Ծրագրի մեկնարկն ազդարարվեց հոկտեմբերի 23-ին՝ Նկարիչների միությունում՝ ցուցահանդեսի բացման արարողությամբ, որտեղ տեղի ունեցավ գերմանացի պատկերապատող արտիստ Ռայնհարդ Կլայստի` Փառատոնի շրջանակում թարգմանված «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ֆրանսիացի պատկերապատող արտիստ Օրելի «Արմինեի երեք կյանքերը» կոմիքսի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսը։ 

Մինչև հոկտեմբերի 27-ը Նկարիչների միությունում ցուցադրված էին նաև Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչե» պատկերապատումները։ Իսկ երկրորդ հարկում ցուցադրված էր նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատումը, որը Rea Comics Art պատկերապատման մրցույթի նախորդ տարվա հաղթող նախագիծն է։

Կոմիքսների ցուցադրությունից զատ ReA Comics Art ծրագիրը ներառում էր նաև գրքի ստորագրման արարողությունը և «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը», որի հաղթողները ևս հայտնի դարձան երեկոյի ընթացքում։ Այս տարի ներկայացված 25 նախագծերից ընտրվել էր 14-ը։ Ժյուրիի կազմում էին Ռայնհարդ Կլայստը, Օրելը, Մարան Հրաչյանը և Շամիրամ Խաչատրյանը։ 

«Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը (մրցանակը՝ 800 հազար ՀՀ դրամ)։ 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը (մրցանակը՝ 600 հազար ՀՀ դրամ), իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա (մրցանակը՝ 400 հազար ՀՀ դրամ)։

Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչն է MarAni անիմացիոն շուկան, որը բաղկացած է ֆորումից, աշխատարաններից ու վարպետաց դասերից, և CoReAct համարտադրության հարթակից։ Վերջինս այս տարի հյուրընկալել էր 17 հայաստանյան նախագիծ։ CoReAct հարթակը բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար՝ միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերը։  Համարտադրության հարթակի ժյուրիի անդամներն էին Խոսե Լուիս Ֆարիասը՝ Իսպանիայից, Լյուսիլ Կանոն, Դիանա Հենտուլեսկուն, Վերոնիկ Էնկռենազը և Ֆրեդերիկ Վինելը՝ Ֆրանսիայից։

CoReAct հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Այծեմնիկ» նախագիծը (Ռեժիսոր/պրոդյուսեր` Էլինա Երկատյան): 

1-ին տեղի մրցանակը շնորհվեց «Տատիկն ու ստվերը» նախագծին, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production (մրցանակը՝ 1 միլիոն ՀՀ դրամ)։ 2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն էր, ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան (մրցանակը՝ 600 հազար ՀՀ դրամ), իսկ 3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծն է, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան և Zrah Studio (մրցանակը՝ 400 հազար ՀՀ դրամ)։  

Հաղթող նախագծերի հեղինակներին սպասվում էր անակնկալ՝ AETIS Մտավոր սեփականության պաշտպանության էկոհամակարգի կողմից։ Հավաստագրերի շնորհիվ հաղթողները հնարավորություն ստացան պաշտպանելու իրենց հեղինակային իրավունքները։

Եվս մեկ անակնկալ՝ արդեն 4 հաղթող նախագծերի համար նախատեսել էր նաև ժյուրիի անդամներից Վերոնիկ Էնկռենազը, ով Անսի միջազգային անիմացիոն ֆիլմերի ավագ խորհրդատու, պրոդյուսեր և MIFA Միջազգային անիմացիոն ֆիլմերի շուկայի նախկին ղեկավարն է։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղի մրցանակակիրները, ինչպես նաև «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող նախագծի հեղինակը MIFA 2025-ի մասնակցության անվճար հավատարմագրում ստացան։

«ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էին 48 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ մրցութային ֆիլմեր։ 

Ավարտական ֆիլմերի անվանակարգում Հատուկ հիշատակման արժանացավ Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» ճանաչվեց «8-րդ օրը»։ Հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։ Ժյուրիի կազմում էին Կառոլինա Լոպեզը՝ Իսպանիայից, Աարոն Բլեյզը՝ ԱՄՆ-ից և Սառա Նալբանդյանը՝ Հայաստանից

Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացավ Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը, իսկ Ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։ Ժյուրիի անդամներն էին՝ Ժորժ Շվիցգեբելը՝ Շվեյցարիայից, Փրիթ Թենդերը՝ Էստոնիայից, Դիանա Մարտիրոսյանը և Տիգրան Առաքելյանը՝ Հայաստանից, Էլոդի Դերմաժը՝ Շվեյցարիայից։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում ճանաչվեց Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական կոնցեպտի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» արժանացավ Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։ 

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում էին Քըրք Ուայզը՝ ԱՄՆ-ից, Կիմ Կյոկըլերը՝ Բելգիայից, Օրելը՝ Ֆրանսիայից, Սեպիդե Ֆարսին՝ Իրանից և Նարեկ Մարգարյանը՝ Հայաստանից։

Միջոցառման ավարտին Փառատոնի հիմնադիր-տնօերն Վրեժ Քասունին Ռոբ Սահակյանցի անվան մրցանակ շնորհեց Դիսնեյի ներկայացուցիչ, լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի աշխարհում ամենաազդեցիկ ռեժիսորներից Քըրք Ուայզին, ով աշխատել է այնպիսի լեգենդար ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը» «Ատլանտիս․ կորսված կայսրությունը»։ Ռեժիսորը Փառատոնի շրջանակում հանդես էր եկել իր վարպետության դասով։ 

«Ինձ համար պատիվ էր ներկա լինել «ՌեԱ» փառատոնին և միջազգային անիմացիոն այս համայնքի մի մասը դառնալ։ Սա միջազգային անիմացիոն կինոփառատոնի մասնակցության իմ առաջին փորձառությունն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ իմ ընկերներին, ժյուրիի անդամներին և բոլորին, ովքեր Փառատոնի մասն են կազմել»- նշում է Քըրք Ուայզը։ 

«Կյանքը պատկեր է․ կենդանացրու այն»․ հենց այս կարգախոսով էլ, ինչպես նախորդ 15 տարիներին, այս տարի ևս, Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը ազդարարեց հաջորդ՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ փառատոնի մեկնարկը։ 2025-ին Փառատոնը կվերադառնա նորովի, նոր անակնկալներով և նոր մասշտաբներով։ 

Comments (0)
Add Comment