2025-ին Tesla-ի էլեկտրական մեքենաների մատակարարումների աճի վերաբերյալ Իլոն Մասկի լավատեսական կանխատեսման արդյունքում ընկերության բաժնետոմսերի գինը հինգշաբթի աճել է միանգամից 22%-ով՝ հասնելով 260,48 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց, հայտնում է CNBC-ն։ Գերազանցելով վերլուծաբանների և ներդրողների սպասելիքները՝ այս օրը ընկերության համար դարձել է լավագույնը վերջին 11 տարիների ընթացքում։
Թեև Tesla-ի երրորդ եռամսյակի հասույթը կազմել է 25,18 միլիարդ դոլար, ինչը փոքր-ինչ պակաս է կանխատեսված 25,37 միլիարդ դոլարից, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով: Մեկ բաժնետոմսի շահույթը հասել է 72 ցենտի՝ գերազանցելով 58 ցենտի սպասումները: JPMorgan-ի վերլուծաբանները նշել են, որ «շահույթի այս անակնկալ բարձրացումը կարող է հանգեցրել Tesla-ի բաժնետոմսերի ընդհանուր դրական արձագանքի»՝ հաշվի առնելով, որ ներդրողները սովոր են ընկերության կանխատեսումների հաճախակի անհամապատասխանություններին:
Սակայն Tesla-ի շահույթի աճը մասամբ պայմանավորված է բնապահպանական վարկերից ստացված եկամուտով, որն ընկերությանը բերել է 739 միլիոն դոլար: JPMorgan-ի վերլուծաբանները զգուշացնում են, որ եկամտի այս աղբյուրը կարող է երկարաժամկետ հեռանկարում անկայուն լինել, քանի որ նման վարկեր գնում են այլ ավտոարտադրողներ, որոնք չեն կարող համապատասխանել բնապահպանական կանոնակարգերին, իսկ Tesla-ն, որը միայն էլեկտրական մեքենաներ է արտադրում, այդ վարկերի ավելցուկ ունի:
Մեկ այլ գործոն, որը դրական է ազդել Tesla-ի շահույթի վրա, եղել է ինքնակառավարման Full Self-Driving (FSD) համակարգի ներդրումը, որն ընկերությանը բերել է $326 մլն հասույթ։ Tesla-ի ֆինանսական տնօրեն Վայբհավ Տանեջան ասել է, որ FSD համակարգը հասանելի է դարձել նոր Cybertruck-ում օգտագործելու համար, ինչպես նաև ստացել է նոր հնարավորություն՝ ավտոկայանատեղից մեքենան կանչելու համար, որը կոչվում է Actually Smart Summon:
Tesla-ի ղեկավարի խոսքով՝ 2025-ին ընկերությունն ակնկալում է ավտոմեքենաների արտադրության 20-30%-ի աճ՝ ավելի մատչելի մոդելների և ինքնակառավարվող էլեկտրական մեքենաների շնորհիվ։ Միևնույն ժամանակ, Deutsche Bank-ի վերլուծաբաններն ավելի զգույշ են՝ ակնկալելով առաջարկի 10-15% աճ (մոտ 2,03 միլիոն միավոր)։ Նրանք կարծում են, որ Tesla-ն կկարողանա հասնել այդ նպատակներին միայն ավելի մատչելի մոդելներ ներկայացնելով, ինչպիսին է 30,000 դոլար արժողությամբ բյուջետային Model Y-ը (ներառյալ սուբսիդիաները):
Morgan Stanley գնահատականը 14% է։ Ընկերությունը 2025-ին ավտոմեքենաների արտադրության աճի վերաբերյալ Մասկի կանխատեսումը «հնարավոր» է համարում: «Սա, անշուշտ, կախված է ընկերության կարողությունից՝ ավելացնելու ավելի ցածր գնով (հաջորդ սերնդի) մոդելների հասանելիությունը և առաջարկելով բարելավված հնարավորություններ»,- ասել են ընկերությունից։
Մասկը նաև ասել էր, որ նախատեսում է մինչև 2026-ի վերջ սկսել նոր Cybercab robotaxi-ի արտադրությունը, որն ունի գիլյոտինի նման դռներ և ղեկավարվում է առանց ղեկի կամ ոտնակների: Նա նաև մտադիր է հաջորդ տարի Կալիֆոռնիայում և Տեխասում գործարկել ինքնակառավարվող տաքսի ծառայություն, թեև այս պահին նման մեքենաները պահանջում են վարորդի ներկայությունը՝ իրավիճակը վերահսկելու համար։