SpaceX ընկերությունը երեկ կատարել է Starship Super Heavy հրթիռի փորձնական արձակում։ Գերծանր ուժեղացուցիչը (ստացել է Starship Flight 5 անվանումը) հաջողությամբ անջատվել է Starship-ից և ավարտել շարժիչի ակտիվացումը: Բացի դրանից՝ պատմության մեջ առաջին անգամ Starship Super Heavy հրթիռին հաջողվել է վայրէջք կատարել հենց արձակման հարթակում (նախկինում այն ընկնում էր օվկիանոսը):
Սա Starship հրթիռի հինգերորդ փորձնական թռիչքն էր, որը Super Heavy ուժեղացուցիչի հետ միասին աշխարհի ամենամեծ և ամենահզոր հրթիռն է։ Այս թռիչքի հիմնական նպատակն էր Starship-ի արձակումը և մթնոլորտ վերադառնալը, ապա Հնդկական օվկիանոսում վայրէջք կատարելը: Այնուամենայնիվ, SpaceX-ին հաջողվել է նաև Super Heavy-ի առաջին փուլը վերադարձնել արձակման հարթակ՝ օգտագործելով Mechazilla գործիքը։
Ի տարբերություն օվիկանոսում վայրէջք կատարելուն՝ հենց արձակման հարթակում վայրէջք կատարելու կարևորությունն այն է, որ դա էապես կկրճատի հրթիռը հաջորդ թռիչքի համար պատրաստելու աշխատանքներն ու ժամանակը։
SpaceX-ը հայտարարել է, որ իր ինժեներներն ու տեխնիկական աշխատողները տարիներ են ծախսել պատրաստվելու, արձակման հարթակում հրթիռի վայրէջքի և ամբողջ ենթակառուցվածքի կառուցման համար, որպեսզի առավելագույնի հասցնեն հաջողության հավանականությունը։
«Մենք չենք ընդունում որևէ փոխզիջում, երբ խոսքը վերաբերում է հասարակության և մեր անձնակազմի անվտանգության ապահովմանը, և [հրթիռի- խմբ․] վերադարձնելու փորձ կարվի միայն այն դեպքում, երբ համապատասխան պայմաններ լինեն»,- հայտարարել է SpaceX-ը։
SpaceX-ի Starship և Super Heavy հրթիռները աշխարհի ամենաբարձր և հզոր հրթիռներն են: Դրանց բարձրությունը կազմում է մոտ 122 մետր, առաջին փուլի Super Heavy հրթիռն աշխատում է 33 Raptor շարժիչներով, ևս վեց Raptor շարժիչներ սնուցում են Starship տիեզերանավը:
Սա Starship-ի առաջին փորձնական թռիչքը չէ։ SpaceX-ը Starship-ով առաջին անգամ տիեզերք հասավ հունիսի 6-ին Flight 4-ի փորձնական արձակման ժամանակ, սակայն Starship-ը վնասվեց՝ վերադառնալիս մթնոլորտ մտնելու ժամանակ: Super Heavy-ը բարեհաջող վայրէջք կատարեց՝ ընկնելով Մեքսիկական ծոցում: