Այս շաբաթ, ըստ Bloomberg-ի, ավարտվել է ChatGPT արհեստական բանականության ստեղծող OpenAI ստարտափի համար լրացուցիչ կապիտալ ներգրավելու երկար քննարկված գործարքը, որը ստարտափին հնարավորություն է տվել 6,6 միլիարդ դոլար ստանալ և 157 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Երկու գումարներն էլ սպասվածից բարձր էին, և ներդրումային այս փուլի մասնակիցների թվում էին Microsoft-ը և Nvidia-ն։
Ինչպես պարզաբանում են աղբյուրները, ֆինանսավորման այս փուլում որոշիչ դեր է խաղացել Thrive Capital վենչուրային ներդրումային հիմնադրամը, որը OpenAI-ում ներդրել է մոտ 1,3 միլիարդ դոլար։ Microsoft-ը սահմանափակվել է 750 միլիոն դոլարով։ Նախկինում ներդրած 13 միլիարդ դոլարի համեմատ սա այնքան էլ մեծ գումար չէ։
Ներդրումների նոր փուլը OpenAI-ին թույլ է տվել դառնալ վենչուրային կապիտալիստների կողմից ամենաշատ աջակցությունն ստացող երեք ստարտափներից մեկը: Այս կարգավիճակը ժամանակին բաժին էր հասել նաև Իլոն Մասկի SpaceX-ին և չինական ByteDance ընկերության TikTok սոցիալական ցանցին։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Tiger Global Management-ը OpenAI-ում ներդրել է իր 350 միլիոն դոլար, Altimeter Capital-ը բավարարվել է 250 միլիոն դոլարով։ OpenAI-ին հաջողվել է ներգրավել նաև միջազգային ներդրողների ուշադրությունը։ Ճապոնական SoftBank կորպորացիան, որին պատկանում է Arm-ը, ներդրել է 500 մլն դոլար, որոշ գումարներ են ներդրել նաև MGX-ը և Coatue-ն։
OpenAI-ի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ ստացված միջոցներն այն կօգտագործի արհեստական բանականության ոլորտում հետագա հետազոտությունների, ինչպես նաև հաշվողական հզորության ընդլայնման համար։ Altimeter Capital-ի ներկայացուցիչներն ասել են, որ OpenAI-ի հաջորդ տրամաբանական քայլը կարող է լինել IPO-ն, նրանք այս ստարտափն անվանել են Nvidia-ից հետո ամենակարևոր ընկերությունն արհեստական բանականության ոլորտում։
Apple-ը չի մասնակցել գործարքին, թեև նախկինում մասնակցել էր բանակցություններին, ինչպես ընդգծում է Bloomberg-ը։
OpenAI-ի կապիտալում միջոցների մի մասը հավաքվել է հատուկ ստեղծված նախագծային ընկերությունների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ավելի փոքր ներդրողներից միջոցներ հայթայթել կոնկրետ նախագիծ ֆինանսավորելու համար: Առնվազն Thrive Capital-ը չի սահմանափակվել իր սեփական միջոցներով, այլ ներգրավել է լրացուցիչ ռեսուրսներ՝ օգտագործելով հենց այդպիսի սխեմա:
Չի նշվում, թե արդյոք կիրականացվեն OpenAI-ի կառուցվածքային փոփոխությունները, որոնք նախկինում ակտիվորեն քննարկվում էին պոտենցիալ ներդրողների հետ։ Ընկերությունն ունի ChatGPT Plus ծառայության 11 միլիոն բաժանորդ՝ ավելի քան 1 միլիոն կորպորատիվ բաժանորդներով: Հաջորդ տարի ընկերությունն ակնկալում է ավելի քան 10 միլիարդ դոլարի եկամուտ, սակայն առայժմ այն շարունակում է շահույթ չունենալ։
Հաղորդվում է, որ OpenAI-ն իր ներդրողների հետ քննարկումների ժամանակ խորհուրդ է տվել, որ նրանք ձեռնպահ մնան մրցակից ընկերություններին ֆինանսավորելուց, ինչպիսիք են Anthropic-ը և xAI-ը: