«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»: Կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը նշանավորվեց տարվա ամենասպասված ժապավեններից մեկի՝ «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտմամբ: Ցուցադրությանը նախորդեցին երաժշտական ծրագիր եւ հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանն ու վերաբրենդավորմանը։
«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունն այս տարի նախաձեռնել եւ իրականացրել է Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու մեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար: Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության եւ ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման եւ մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի եւ ձայնային տեխնիկան, եւ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաեւ ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:
«Մոսկվա» կինոթատրոնի նոր բրենդինգը համատեղում է պատմությունը, մշակույթը եւ ժամանակակից դիզայնը։ Նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերեւից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձեւը։ Յուրահատուկ տարբերանշանը ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլեւ ընդգծում է նշանակությունը Երեւանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը մեր քաղաքում եւ դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։